Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի վերանշանակումը, ընդ որում, բավական արագ՝ հրաժականի նույն օրը, չարժանացավ հանրային մեծ ուշադրության, քանի որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը դեռեւս ընտրությունից առաջ էին հայտարարել, որ մեծամասնությունը պահելու դեպքում թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը:

Նույնքան միանշանակ չէ, սակայն, կառավարության ապագա կազմը, նախարարների մի մասը հիմնավոր կասկածներ ունեն՝ հնարավոր է այլևս տեղ չգտնեն կաբինետում: Ինչ խոսք, նման մտավախությունները լրջագույն կերպով կարող են խաթարել կառավարության արդյունավետ աշխատանքը, ինչի հետ էլ Կարեն Կարապետյանը կապում էր իր վարչապետ մնալ չմնալու հարցը: Վերջինս բազմիցս հայտարարել է, եթե իր կաբինետի աշխատանքը լինի դրական և արդյունավետ, ինքը կշարունակի պաշտոնավարել: Դժվար է ասել այդ չափանիշն անձամբ է վարչապետն է իր համար սահմանել, թե դա սահմանված է իշխանական բուրգի առավել բարձր մակարդակում, սակայն մի բան ակնհայտ է՝ Կարապետյանն այս հարցում իր հռետորաբանությունից մինչ օրս չի հրաժարվել, հետևաբար նրա քաղաքական ապագայի տեսլականը անմիջականորեն կապվում է կառավարության արդյունավետության հետ:

Իսկ Կարապետյանի կառավարման առաջին փուլը հաջողված անվանել չի կարելի: Վարչապետին այդպես էլ չհաջողվեց նոր համակարգ ստեղծել, կամ ինչպես Սերժ Սարգսյանն էր ձևակերպել՝ «նոր ոգի» բերել: Կարապետյանը նույնիսկ չհաջողեց սեփական կառավարություն, թիմ ձևավորել ու նրա կաբինետը, որը գրեթե նույնությամբ վերանշանակվելու է, ներհամակարգային կոնսենսուսի դրսևորում է: Նման կառավարությունն իր կառուցվածքով ու անվանական կազմով չէր կարող նոր որակ ապահովել, ու օրինանաչափ էր վարչապետի աստիճանական ինտեգրումը Սերժ Սարգսյանի համակարգին, ինչն էլ տեղի ունեցավ ի վերջո:

Կարապետյանի կառավարության արդյունավետությունը մեծապես, եթե չասենք ամբողջությամբ, պայմանավորված է լինելու նախարարների արդյունավետ աշխատանքից և նվիրումից: Այստեղ արդեն առաջ է գալիս մեկ այլ հարց՝ արդյոք կառավարության անդամները, գիտակցելով պահի ժամանակավորությունը, ամբողջությամբ կնվիրվեն Կարապետյանին և կամրապնդեն վերջինիս հենարանը: Իսկ այդ տեսանկյունից կառավարությունը, իհարկե, «միատարր» չէ եւ հազիվ թե այդպիսին լինի նոր կազմով, ընդ որում ոչ միայն ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի պատճառով, այլ նաեւ հենց ՀՀԿ պորտֆելների շրջանակում:

Կառավարության անդամների մեծամասնության համար վարչապետը ժամանակավոր է, քանի դեռ չի հստակեցվել 2018 թվականին նրա վերանշանակման հարցը: Սա անշուշտ չի վերաբերվում այն փոքրաթիվ նախարարներին, որոնք ի սկզբանե Կարապետյանի թիմից են եղել և աշխատելու են նրա օգտին խաղաքարտերի ցանկացած դասավորության դեպքում: Մյուսները, անշուշտ, իրենց աշխատանքն իրականացնելու են՝ մտքում ունենալով սեփական ճակատագրի խնդիրը: Ստեղծվել է մի իրավիճակ, որը ակնհայտորեն խոչընդոտելու է կառավարության արդյունավետ աշխատանքին, իսկ դա իր հերթին կարող է չար կատակ խաղալ արդեն Կարեն Կարապետյանի վարչապետական ամբիցիաների հետ: Հատկապես հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանի նորընտիր Ազգային ժողովին ուղղված ողջույնի խոսքն ավելի շուտ նախընտրական գործունեության ծրագրի ներկայացում էր՝ թե՛ բուն իմաստով և թե՛ շարադրանքով: Դա գործունեության պլան էր ՝ որի մեջ կարծես թե Կարեն Կարապետյանի ֆիգուրը չեր տեղավորվում: 

Հետևաբար, գործող վարչապետը նախագահի ուղերձից պետք է առանձնացնի անձամբ իրեն և իր թիմին ուղղված մեսսիջները, հարկավոր է նաև արդյունավետության բարձր ցուցանիշ ապահովել գոնե վարչապետ մնալու նվազագույն խնդիրը լուծելու, իսկ արդեն հաջորդ չորս տարիներին այդ պաշտոնը վերցնելու համար:

Արդյոք Կարապետյանը կհասցնի՞ ապահովել այն...

Ստելլա Խաչատրյան