Խորհրդարանական ընտրություններից հետո թեև հիմնական պայքարը ընթանում է իշխանական բևեռում և պայմանավորվում 2018-ի ներքաղաքական հնարավոր վերդասավորումներով, միևնույն ժամանակ ոչ պակաս թեժ քաղաքական մենամարտ է սկսվել ընդդիմադիր դաշտում: Այդ պայքարի երկու կողմերը նորաթուխ ԱԺ ընդդիմադիր ուժն է՝ ԵԼՔ-ը և խորհրդարանից դուրս մնացած ՀԱԿ-ը:

Այս երկու ուժերի կողմից միմյանց ուղղված փոխադարձ մեղադրանքները սաստկացան հատկապես Երևանի ավագանու ընտրությունների ֆոնին, որոնց ՀԱԿ-ը չմասնակցեց, հայտարարելով, թե շարունակելու է իր անհավասար կռիվը «ծախու դատավորի» պատճառով տանուլ տված խաղից հետո: Ի տարբերություն ՀԱԿ-ի, ԵԼՔ-ն ընդունեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները և մասնակցեց ավագանու ընտրություններին, որոնք Լևոն Զուրաբյանի կողմից բնորոշվեցին իբրև «Շռեկի, Չիպոլինոյի եւ Ձյունանուշիկի միջեւ մի պայքար, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը». Ինչևէ, ԵԼՔ-ը ընդունեց նաև այս ընտրությունների արդյունքները և ներկայացված կլինի ինչպես օրենսդրում, այնպես էլ Երևանի ավագանիում: Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, ապա ՀԱԿ-ը կարծես թե դուրս է մնացել ներքաղաքական գործընթացներից: Եվ այժմ խնդիր ունի վերջնականապես չկորցնել այն ընդդիմադիր ընտրազանգվածը, որը 2008-ից ի վեր կայուն կերպով աջակցում էր իրեն:

Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի կողմից առաջ քաշված տարածքային զիջումների մասին թեզը էականորեն կրճատեց այդ էլեկտորատը: Մի մասն էլ իր ձայնը տվեց ԵԼՔ-ին՝ ընդդիմության վերածնունդը տեսնելով ի դեմս այս քաղաքական ուժի: Այսօր ՀԱԿ-ի թիվ մեկ խնդիրը ընդդիմադիր նիշայում իր տեղը պահպանելն է: Ի տարբերություն ՀԱԿ-ի ԵԼՔ-ի նպատակները ավելի հեռուն գնացող են՝ ԵԼՔ-ը ցանկանում է մոնոպոլիզացնել ողջ ընդդիմադիր դաշտը, խաղից դուրս թողնելով ոչ միայն ՀԱԿ-ին, այլ նաև ընդդիմադիր դաշտում դեգերող «Ծառուկյան» դաշինքին: Վերջինիս ղեկավարած ուժի ընդդիմադիր դիմակը պատռվեց ԱԺ նախագահի քվեարկության օրը, երբ «Ծառուկյան» դաշինքը աջակցեց իշխանության, այլ ոչ թե ԵԼՔ-ի թեկնածուին: Սակայն ընդդիմադիր ուժի մենաշնորհը ստանձնելու համար ԵԼՔ-ը դեռ չունի անհրաժեշտ գործիքակազմը և ռեսուրսները: Իրականում ոչ ՀԱԿ-ը, ոչ ԵԼՔ-ը հանրությանը առաջարկելու որևէ բան չունեն: Բայց ընդդիմադիր դաշտի համար պայքարի թեժության վրա ՝ գաղափարների ու ծրագրերի սնանկությունը կարծես թե չի ազդում: Այս երկու ուժերի նպատակը՝ մեկը մյուսից առավել ընդդիմադիր երևալն է, իսկ միակ ընդդիմությունը լինելու մասին բանավեճերը տեղավորվում են իշխանության սահմանած կանոնների շրջանակում։ Ընդդիմադիր ուժերը կսկսեն սպասարկել քաղաքացիների շահերը, եթե այդպիսի պահանջ ներկայացնեն քաղաքացիները։ Իսկ քաղաքացիները դեռ լռում են…

Ստելլա Խաչատրյան