Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում կողմ կքվեարկի «Ծառուկյան» դաշինքի առաջադրած բոլոր երեք թեկնածուներին և ՀՀԿ-ի առաջադրած մեկ թեկնածուին: Խորհրդարանում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հարցում մեր դիրքորոշումը նույնն է: Մենք կողմ ենք քվեարկելու նրանց առաջադրած բոլոր երեք թեկնածուներին՝ չնայած երեկ կայացած քվեարկության արդյունքները մեզ համար մտահոգիչ են: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու Ազգային ժողովում 10 մշտական հանձնաժողով ձևավորելու մասին մեր ներկայացրած նախագծին, այնուհանդերձ նրանց խմբակցության մի շարք պատգամավորներ կողմ քվեարկեցին 9 հանձնաժողով ձևավորելու մասին իշխող Հանրապետական ներկայացրած նախագծին: Բայց կրկնում եմ, մենք կողմ ենք քվեարկելու «Ծառուկյան» խմբակցության առաջադրած թեկնածուներին»,- ընդգծեց Փաշինյանը:

 

Նա հավելեց, որ իրենք խորհրդարան չեն եկել այս կամ այն հարցին ինքնանպատակ կողմ կամ դեմ քվեարկելու համար և հայտարարեց, որ «Ելք» խմբակցության պատգամավորները կողմ կքվեարկեն նաև ՀՀԿ-ի առաջադրած մեկ թեկնածուի: «Մենք կողմ կքվեարկենք ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գագիկ Մինասյանի թեկնածությանը՝ հաշվի առնելով նրա անձը և մասնագիտական որակները»,- եզրափակեց Փաշինյանը:

 

ՀՀԿ-ն Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հակոբ Հակոբյանի, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արմեն Աշոտյանի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Կորյուն Նահապետյանի, Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հրայր Թովմասյանի, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Խոսրով Հարությունյանի, Ֆինանսավարկային և բյուջետ ային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությունները:

 

«Ծառուկյան» դաշինքը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Վարդևան Գևորգյանի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Նաիրա Զոհրաբյանի, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վարդան Բոստանջյանի թեկնածությունները: