ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունը՝ կապված մայիսի 15-17-ը շփման գծում իրավիճակի սրման հետ, աննախադեպ է՝ հասցեավորված լինելու առումով:

 

Այդ հայտարարության նախադրյալները, սակայն, ոչ պակաս աննախադեպ զարգացումներն էին, որոնք տեղի էին ունեցել հակամարտության գոտում: Ինչպես հայտնի է, մայիսի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ կառավարվող հրթիռի միջոցով խոցել է «հայկական զինված ուժերին» պատկանող զենիթա-հրթիռային համակարգ: Ադրբեջանական գերատեսչության հաղորդագրությունը ուղեկցվեց նաև տեսագրությամբ, որը փաստում էր, որ, իսկապես, Ադրբեջանի ԶՈՒ-ն հայկական թիրախ է խոցել: Ռազմական տեխնիկայի խոցումը հաստատեց նաև արցախյան կողմը՝ նշելով, սակայն, որ տեխնիկայի վնասումը եղել է մասնակի: Այդուհանդերձ, Ստեփանակերտից լիովին ընդունեցեին միջադեպի փաստը և հայտարարեցին պատասխան գործողությունների դիմելու մասին: Մայիսի 16-ին ու 17-ին ԼՂՀ զինված ուժերը դիմեցին պատժիչ գործողությունների՝ նույնպես կից հրապարակելով կատարվածի տեսագրությունը: Հայկական կողմի գործողությունների մասին հայտնեց նաև Ադրբեջանի ՊՆ-ն՝ հրադադարի խախտման մասին հաղորդագրության տեսքով: Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլում հակամարտող կողմերի հաղորդագրությունները մշտապես հակասում են մեկ մեկու:

 

Մշտապես Ստեփանակերտից (նաև Երևանից) ստացվող տեղեկությունները հակասում են Բաքվից տարածվող հաղորդագրություններին և հակառակը: Այդպես եղավ, օրինակ, անցած տարվա դեկտեմբերի վերջին տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ, երբ Երևանից հայտնեցին, որ կանխվել է ադրբեջանական հարձակումը, իսկ Բաքվից պնդեցին, որ հենց հայկական կողմն է նախահարձակ եղել: Այդպես էր նաև 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Ստեփանակերտն ու Բաքուն տարբեր տեղեկություններ էին տրամադրում ռազմական գործողությունների սկսման մասին. ԼՂՀ-ն հայտարարում էր, որ հարձակվել է Ադրբեջանը, իսկ վերջինս պնդում էր հակառակը: Միջազգային հանրության կողմից իրար հակասող այս տեղեկատվություններն ընդունվում են համապատասխանաբար, ինչին և հետևում են անհասցե հայտարարությունները հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին: Առնվազն, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի իրականությունը պարզելու որևէ մանդատ, չի կարող ասել, որ այս մի կողմը ճիշտ է ասում, իսկ հակառակ կողմը՝ սուտ:


Այս դեպքում, սակայն, ստեղծվեց մի իրավիճակ, երբ ադրբեջանական ու հայկական կողմերը հանդես եկան միմյանց հաստատող տեղեկատվությամբ, որն ամրագրվեց նաև փաստացի օբյեկտիվ ապացույցներով (տեսանյութերով): Այսինքն, այլ կերպ ասած, մայիսի 15-17-ը տեղի ունեցած դեպքերը միջազգային հանրությանը ներկայացվեցին օբյեկտիվորեն, ինչին անմիջապես հետևեց հասցեավորված հստակ արձագանք: Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ փետրվարին, երբ Ադրբեջանը գրոհ էր իրականացրել եւ ստացել կանխարգելիչ հարված ու կորցրել հետախուզական-դիվերսիոն ջոկատի հինգ զինծառայողի, նրանց դիերը թողնելով չեզոք գոտում, ԵԱՀԿ Մինսկի խումբը չտարածեց հասցեական հայտարարություն, չմատնանշեց, որ Ադրբեջանը գրոհ է նախապատրաստել ու ստացել պատասխան: Այժմ, երբ կարծես թե չկա մարդկային կորուստ, երբ խոսքը ՀՕՊ կայանին հասցված հարվածի մասին է, համանախագահները հանդես են գալիս հասցեական հայտարարությամբ, թե Ադրբեջանը սկսել է ու ստացել պատասխան: Սա նշանակում է, որ Ադրբեջանի քայլը դիտարկվել է ավելի հեռուն տանող վտանգի շրջանակում, ինչն էլ կանխելու համար համանախագահները հանդես են եկել հասցեական հայտարարությամբ:

 

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն օրերս հայտարարել էր, թե կարծես թե նպաստավոր պայմաններ են ստեղծվել «տարածքների վերադարձի» հարցը քննարկելու համար: Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը դիմում է բացահայտ սադրանքի, որի հասցեատերը ոչ միայն Հայաստանն էր այլ նաև և առաջին հերթին՝ միջազգային հանրությունը: Եթե պայմանները Ադրբեջանի համար իրոք նպաստավոր լինեին, ապա միանշանակ նման սադրանքների և իրավիճակի լարմանն ուղղված գործողությունների կարիք՝ Բաքուն չէր ունենա: Սա փաստում է, որ բանակցային գորընթացում Ալիևի խաղաթղթերն ամենևին էլ հուսադրող չեն; Հետևաբար, սահմանային լարվածության կտրուկ աճը Բաքվի անթաքույց շանտաժն էր և իր մասին հիշեցնելու ցանկությունը: Փաստացի, թե՛ համանախագահները, թե՛ ռազմական իրավիճակի առումով պատասխանատվության առաջնային մանդատ ունեցող Ռուսաստանը՝ մերժեցին եւ սաստեցին Բաքվին:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ