Այն, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը մի շարք առումներով կրկնությունն է հանդիսանում իր նախորդի, ու այս մեկն էլ 5-րդ գումարման ԱԺ-ի պես իրական գործոն չի հանդիսանալու երկրի կյանում, այժմ դժվար թե որևէ մեկի մոտ կասկած հարուցի: Թե հատկապես ինչու ամեն բան ստացվեց հենց այնպես, ինչպես ստացվեց, խոսել կարելի է ժամերով, բայց այն, որ իշխանությունների մոտ երբեք առանձնակի ցանկություն չի նկատվել ԱԺ դերակատարումը երկրի կյանքում բարձրացնելու ու դեռ ավելին' արվել է ամեն բան' այդ դերակատարումն իսպառ չեզոքացնելու համար, ցավալի, բայց միևնույն ժամանակ անհերքելի իրողություն է:

 

Դատելով ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի' օրերս արած հայտարարությունից, իշխանությունների մոտ կրկին ոչ մի ցանկություն չի նկատվում' ինչ-որ քայլերի դիմելու անբարեհույս իրավիճակը շտկելու համար: Այսպես' արտահայտելով իր կարծիքն ԱԺ նախգահ Արա Բաբլոյանի վերաբերյալ' Բաղդասարյանը հայտարարել էր, թե Աժ նախագահը պարզապես խոսնակ է ու չի կարող փոփոխություններ կատարել. ԱԺ նախագահը հրամայող, «նաչալնիկ» չէ, այլ համակարգողն է ԱԺ աշխատանքների:


Թե ինչ կարող են Բաբլոյանի հասցեին արված այս արտահայտությունները նշանակել, ավելի քան ակնհայտ է. Բաղդասարյանն արհեստականորեն նսեմացնում է ԱԺ նախագահի դերը' նրա գործառույթները սահամափակելով յուրատեսակ թամադայությամբ' մոռանալով, սակայն, այն օբյեկտիվ իրականությունը, որ պառլամենտական երկրում պառլամենտի խոսնակի դերակատարումը շատ ավելի լայն է, քան իր պատկերացրած սահմաններն են. միայն Հայաստանի համար այնպիսի կարևորագույն երևույթի գոյությունն, ինչպիսին ասենք նույն խորհրդարանական դիվանագիտությունն է, բավարար է, որպեսզի բոլորին պարզ դառնա, թե իրականում ինչ հսկայական պատասխանատվություն է դրված Արա Բաբլոյանի ուսերին:


Թե ինչով կարելի է բացատրել Բաբլոյանի հանդեպ Բաղդասարյանի դրսևորած փաստացի անհարգալից վերաբերմունքը, իհարկե, վերլուծության մի առանձին թեմա է, բայց որ այս արատավոր մտածելակերպը հանրապետականներից միայն Վահրամ Բաղդասարյանին չէ, որ բնորոշ է, անկասկած է. խեղճ Բաբլոյան, դե արի ու դիմացի…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ