Ազգային ժողովում պատգամավորների աշխատասենյակների հարցը դեռևս չլուծված է մնում: Մի խումբ պատգամավորներ, հիմնականում նորընտիր, դեռևս կամ աշխատասենյակ չունեն, կամ դժգոհ են իրենց հատկացված աշխատասենյակներից: Դե հին գվարդիայի մասին խոսելն իսկ ավելորդ է, քանի որ վերջիններս ԱԺ են գալիս, ասես կնունքի կամ հարսանիքի, իսկ այդ դեպքում, անշուշտ, օբյեկտի հարմարավետությունը ավելի քան կարևոր է. «պրեստիժի» հարց է:

 

Օրինակ՝ վաստակավոր օրենսդիր Սամվել Ալեքսանյանին բաժին է հասել ոչ պակաս վաստակաշատ Առաքել Մովսիսյանի ճոխ աշխատասենյակը, ասում է՝ ժերեբյովկայով են ընտրել: «Ելք»-ին բաժին են հասել ՀԱԿ-ի սենյակները, որոնցից կոնգրեսականներն էլ էին բողոքում: Ի դեպ, ԵԼՔ-ի նյարդայնությունն էլ կարելի է հասկանալ՝  կարծես թե ոչ մի կերպ չի հաջողվում ազատվել ՀԱԿ-ի ստվերից: Սակայն ճոխության պահանջմունքների մեջ ռեկորդակիրն այս անգամ Արայիկ Գրիգորյանն է: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը վերանորոգել է տալիս իր աշխատասենյակը: Ընդ որում, նա հարևան սենյակի պատը քանդել և դրա հաշվին մեծացնում է իր սենյակը: Հարևան սենյակը նախկինում պատկանում էր «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանին, ով այս ընտրություններին խորհրդարան չի անցել: Եվ Ա. Գրիգորյանը որոշել է այն միացնել իրենին:

 

Ի դեպ, այդ սենյակները նաև ընդունարան ունեն: Ու շատ քիչ պատգամավորների է տրված ընդունարանով աշխատասենյակ ունենալու ճոխությունը, այն էլ՝ նիստերի դահլիճի անմիջապես հարևանությամբ: Ա. Գրիգորյանը, ՀՀԿ-ի՝ ամենաշատ՝ 45 հազար 339 ձայն ստացած պատգամավորն է: Նա այդ ձայներով ապահովել է ոչ միայն իր, այլև նույն ընտրատարածքից անհամեմատ քիչ ձայներ ստացած Մուրադ Մուրադյանի և Ալիկ Սարգսյանի մուտքը՝ խորհրդարան: Ահա թե ինչու է նա իրեն իրավունք վերապահում նման հարմարավետ աշխատասենյակ պահանջել, և ահա թե ինչու է ԱԺ ղեկավարությունն այդ ճոխությունն ապահովում է նրա համար: Անշուշտ, այն, որ մեր երեսփոխանները կարող են սեփական դղյակների պես վերափոխումների ենթարկել անգամ երկրի օրենսդիր մարմինը, ցավոք սրտի, չէինք էլ կասկածում, բայց որ գործը կհասնի շենքի ճարտարապետական տեսքի փոփոխությանը՝ այ դա արդեն կարծես նորություն է: Հուսանք, որ այսքանով պատգամավորի ախորժակը կսահմանափակվի, և մոտ ժամանակներում ԱԺ-ում պատշգամբներ առաջ տալուն կամ վրադիր հարկ կառուցելուն ականատես չենք դառնա…


Մեզանում այնքան է աղավաղվել խորհրդարանի ինստիտուտի դերի ու գործառույթների մասին պատկերացումը, խորհրդարանականների կողմից քաղաքական պատասխանատվության գիտակցումը, որ իրենց պատառոտում են ԱԺ-ում հայտնվելու համար ոչ թե օրենսդրական նախաձեռնություններ առաջարկելու, այլ…հարմարավետ և դեպի գեղեցիկ տեսարան նայող սենյակում, հարմարավետ բազմոցին նստած մի բաժակ սուրճ ըմպելու համար: Ահա այսպիսի դեգրադացիա է ապրել մի քաղաքական մարմին, որը 2018-ից հետո դառնալու է երկրում խաղի կանոններ թելադրողը և բոլորիս բարեկեցիկ ապագայի գլխավոր երաշխավորը: Իրականում մեր ճակատագիրը շատ լուրջ վտանգի տակ է, քանի որ գտնվում է պրոֆեսիոնալ կոճակ սեղմողների, ոչ թե ուղեղի, այլ աշխատասենյակի մեծությամբ պարծեցող մարդկանց ձեռքում: Միակ սփոփանքն այն է, որ այս անգամ առաջին տուժողը դարձավ ԱԺ շենքը…գուցե ժողովրդին բանը չհասնի՞..

Ստելլա Խաչատրյան