Կառավարության վերջին նիստում հաստատվել է անչափ ուշագրավ մի օրինագիծ, որով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ հողային օրենսգրքում, իսկ դա իր հերթին ուղղակիորեն առնչվում է սեփականության իրավունքին:

Ըստ այդմ՝ 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Սա նշանակում է, որ օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ: Բացառություն են կազմում միայն կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք: Հատկանշական է, որ ՀՀ մարդու իրավունքի պաշտպանը օրինագծին տվել է բացասական եզրակացություն՝ նշելով, որ այն հակասում է մարդու սեփականության իրավունքին:

Պաշտպանի կարծիքը սակայն անտեսվել է, սակայն դա ավելի քան սպասելի էր: Ավելին՝ նախագծում նաև մերժվել է մեկ այլ առաջարկություն, որով օրենսդրական հիշյալ լուծումը չի կարող հետադարձ ուժով տարածվել մինչ օրենքի ընդունումը առկա հողերի վրա: Կառավարությունը վստահ է, որ ուշագրավ հիմնավորում է բերել այս նախագծի ընդունման համար՝ ըստ այդմ միջազգային պրակտիկայում ևս ընդունված են նման մոտեցումներ: Մասնավորապես ՌԴ հողային օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվում է, որ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք սեփականության իրավունքով չեն կարող ձեռք բերել սահմանամերձ տարածքների հողամասեր, որոնք սահմանվում են Ռուսաստանի Դաշնության Նախագահի կողմից:

Իսկ ի՞նչ օրենսդրական լուծումներ են նախատեսում այս հարցի վերաբերյալ այլ երկրների օրենսգրքերը:

Օրինակ՝ Ղազախստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատեր հանդիսացող Ղազախստանի Հանրապետության քաղաքացին, իր քաղաքացիությունը դադարեցնելուց հետո 3 ամսվա ընթացքում պարտավոր է օտարել հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը կամ մինչև 10 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել այլ անձի, կամ տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնությամբ հողամասը պետք է տրվի պետությանը սեփականության իրավունքով՝ հողամասի այն գնի հատուցմամբ, որ գնով, որ սեփականատերը ձեռք է բերել պետությունից:

Հայաստանի պարագայում այս օրենքի ընդունումը անշուշտ ունի որոշակի տրամաբանություն. ի վերջո մենք պարտավոր ենք զերծ պահել հողային ֆոնդը հնարավոր ռիսկերից: Մյուս կողմից, սակայն, մասնավորապես գյուղական բնակավայրերում, որտեղ բազմաթիվ անմշակ հողեր կան, իսկ տերերը հեռացել են երկրից, նման օրինագծի ընդունումը կարող է լուրջ խնդիր առաջացնել: Անձինք, ովքեր ոչ լավ օրից հեռացել են երկրից և դարձել այլ պետության քաղաքացի, Հայաստանում կարող են կորցնել նաև վերջին հողակտորը: Տեսականորեն բացառված չէ իհարկե, որ այդ հողերը գնորդներ անգամ չեն ունենա, և մարդը, օտարելու պահանջը չի կարողանա կատարել: Այս դեպքում կադաստրային ցածր արժեքով այդ հողը կդրվի աճուրդի և շատ էժան գնով կա՛մ կպետականացվի, կա՛մ էլ՝ կվաճառվի: Այս գործընթացի հաջորդ փուլը կարող է լինել այն, որ գյուղերում կսկսեն ի հայտ գալ նոր ժամանակների ֆեոդալներ:

Ստելլա Խաչատրյան