Ասալայի մարտիկ, «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանն այն համոզման է, որ Հիմնադիր խորհրդարանն ու «Սասնա ծռերը» նորից կվերսկսեն հասարակության համախմբման գործընթացը. «Ըստ էության՝ Զարուհի Փոստանջյանի հայտարարած ազգային դիմադրության շարժմանը Հիմնադիր խորհրդարանը կարող է միանալ և նոր թափով սկսել մեր ընդդիմադիր աշխատանքը: Ճիշտ է՝ դեռ  Զարուհի Փոստանջյանի հետ չեմ հանդիպել, նրա հետ մեր համատեղ աշխատանքի հետ կապված քննարկումներ չեն եղել, բայց վստահ եմ, որ անպայման կհամագործակցենք»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Ազգային դիմադրության շարժում ստեղծելը դեռևս 2015 թվականին եղել է Հիմնադիր խորհրադարանի գաղափարը և այդ առումով «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարի հայտարարության հետ որևէ հակասություն մենք չենք տեսնում. «Համամիտ ենք նրա ընդդիմադիր հայացքների հետ, իսկ թե ինչ գործնական քայլերի կդիմենք, դեռ հստակ ասել չեմ կարող»:

Մեր հարցին՝ արդյո՞ք հնարավոր է՝ Հիմնադիր խորհրդարանը և  Զարուհի Փոստանջյանի հայտարարած ազգային դիմադրության ճակատը հետագա համագործակցության արդյունքում շարժման առաջնորդը դիտարկի ընդդիմադիր  դարձած Սեյրան Օհանյանին, Ասալայի մարտիկը պատասխանեց. 

«Սեյրան Օհանյանին հրավիրել, որ ղեկավարի այդ շարժումը, մենք չենք քննարկել: Այս պահին միայն մեզ ենք տեսնում այդ շարքերում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ թեև «Սասնա Ծռերի» համակիրներն ու Հիմնադիր խորհրդարանը ակտիվ չեն, սակայն շուտով նոր ընդդիմադիր շարժումը նոր թափով կհամախմբի հասարակությանը՝ ռեժիմի դեմ պայքարելու համար:

Վերջինս նաև հավելեց, որ Ժիրայր Սեֆիլյանի և  «Սասնա Ծռերի» ազատ արձակման պահանջը շուտով նոր թափ է ստանալու, քանի որ շուտով նաև ընթանալու է նրանց դատավարությունը:

Աղավնի Սուքիասյան