Հայաստանում անչափ ուշագրավ հետընտրական իրադրություն է ձևավորվել, որում ավելի ակնհայտ է դառնում նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական առաջնահերթությունների՝ միմյանց հակադրումը, ինչն էլ շատ հստակ արտահայտվում է նրանց հրապարակային հռետորաբանության մեջ:

 

Ազգային ժողովի առաջին նիստում Սերժ Սարգսյանը պատգամավորներին ուղղված ուղերձում հայտարարեց, թե որպես հեռահար նպատակ և տեսլական՝ պետությունն իրագործելու է այնպիսի քաղաքականություն, որ 25 տարի անց մեր երկրում ապրի 4 մլն մարդ: Այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր առաջ՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական էր տվել դպրոցների, քոլեջների և ուսումնարանների օպտիմալացման վերաբերյալ:


Կառավարությունը վարչապետի պահանջով հետևողականորեն առաջ է տանում թեզը, որ 1400 դպրոցը մեր երկրի համար չափից դուրս շատ է, պետության վրա դպրոցական շենքերի պահպանումը ֆինանսական առումով ծանր բեռ է, և խնդիր է դրված՝ հնարավորինս շատ շենքեր դատարկել, որպեսզի ֆինանսներ տնտեսվեն: Անընդհատ մատնանշվում է այն փաստը, որ վերջին 25 տարում աշակերտների թիվը նվազել է մոտ 250 հազարով, իսկ ուսուցիչների և դպրոցների թիվը մնացել է նույնը: Դպրոցների օպտիմալացման ծրագրի հիմքում հենց այս խնդիրն է դրված:


Որպես աշակերտների ծանրաբեռնվածության օպտիմալ ցուցանիշ՝ դրված է 450 աշակերտի առկայությունը, իսկ դա նշանակում է, որ մենք անխուսափելիորեն ունենալու ենք տասնյակների հասնող դպրոցներ, որոնք փակվելու են: Ճիշտ է, խոսքն առայժմ քաղաքային դպրոցների մասին է, բայց որևէ երաշխիք չկա, որ հերթը չի հասնելու նաև գյուղական դպրոցներին: Հիմա մի պահ պատկերացնենք, թե Սերժ Սարգսյանի ծրագիրը իսկապես իրատեսական է, և 25 տարի անց Հայաստանում ինչ-որ հրաշքով կբնակվեն 4 մլն քաղաքաքացիներ: Այստեղ արդեն տրամաբանական հարցադրում է առաջանում՝ որտե՞ղ են ուսանելու այդ ժամանակ մեր աշակերտները, որոնց թիվը 4 մլն բնակչության պարագայում վստահաբար կրկնապատկվելու է:


Որպես համեմատություն՝ Խորհրդային տարիներին, երբ մենք ունեինք 3,5 մլն բնակչություն, աշակերտների թիվը 600 հազար էր կազմում: Դժբախտաբար, այսօր ունենք ընդամենը 350 հազար աշակերտ: Եթե կառավարությունն այսօր համատարած որոշել է փակել դպրոցները և շենքերն ազատել՝ հավանաբար վաճառելու հեռահար մտադրությամբ, կնշանակի՝ Սերժ Սարգսյանի տեսլականին կառավարությունում չեն հավատում: Կամ էլ եթե հավատում են, իրագործում են այդ տեսլականին սկզբունքորեն և տրամագծորեն հակասող քայլեր: Հետաքրքիր է, թե ինչպիսի պատասխան կտա Կարապետյանի այս քայլին Սերժ Սարգսյանը, ով առայժմ լռում է, գուցե սպասելով հանրային տրամադրությունների գեներացիային, և հնարավորության դեպքում այդ տրամադրություններն օգտագործել վարչապետի դիրքերին հարվածելու նպատակով:

Ստելլա Խաչատրյան