Հայաստանում մելանոմայի հիվանդացության աճ է գրանցվել: 2005 թվականին արձանագրվել է մելանոմիայի հայտնաբերման 361 դեպք, 2010-ին՝ շուրջ 400, իսկ 2016-ին՝ 502: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը նշեց, որ սրանք բավական ահազանգող տվյալներ են:

 


«Մելանոման մաշկի գույն արտադրող պիգմենտների՝ մելանոցիդների ուռուցքային պրոցես է: Այդ բջիջները, բացի մաշկից, կարող են տեղակայված լինել նաև լորձաթաղանթների, բերանի խոռոչի, միզասեռական համակարգում, հատկապես արգանդում, բարակ աղիներում, աչքի ցանցաթաղանթում, բբի մեջ: Սա բավական տհաճ, մեծ մասամբ առանց կլինիկական նշանի ընթացքի ծանր հիվանդություն է, որի առաջին փուլում' վաղ ախտորոշման դեպքում, բարեբախտաբար, կարող է բուժվել 95-98 տոկոսով»,- ասաց Միքայել Սահակյանն' ընդգծելով, որ ուշացած դեպքերում ապրելիությունը նվազում է:

 


Ինչ վերաբերում է համաշխարհային վիճակագրական տվյալներին՝ մասնագետը նշեց, որ ԱՀԿ տվյալներով ամբողջ աշխարհում ախտորոշվում է տարեկան 200 հազար մելանոմայով հիվանդների նոր դեպք, իսկ մահացության դեպքերը հասնում է 65 հազարի, այսինքն' մոտ 32 տոկոս:
Միքայել Սահակյանի փոխանցմամբ, խալերի 30 տոկոսն է դառնում մելանոմա: Մելանոմայի համար բացարձակ պարտադիր չէ մաշկի վրա խալի առկայությունը, այն կարող է առաջանալ ուղղակի մաքուր մաշկի վրա:
«Մելանոմայի առաջացման ամենաառաջին ռիսկի գործոնը ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Մաշկի, մազերի ու աչքերի բաց գույն ունեցող մարդիկ այդ տեսանկյունից ռիսկային են համարվում, ավելի խոցելի են հիսունից բարձր տարիքի մարդիկ: Ի դեպ, սոլիարիները 70 տոկոսով բարձրացնում են մելանոմայի վտանգը»,-ասաց նա:

 


Անդրադառնալով մայիսի 20-ին ԱՆ «Մաշկաբանության և սեռվարակաբանության բժշկագիտական կենտրոնի» իրականացրած մելանոմայի վաղ ախտորոշման հետազոտման ակցիային, կենտրոնի տնօրենը նշեց, որ այդ օրը հետազոտման էր եկել ընդամենը 18 հոգի:
«Միգուցե օրվա մասին անտեղյակությունն էր կամ ուղղակի անտարբերությունը, որ հետազոտման այսքան քիչ թվով մարդ եկավ:

 

Ասեմ, որ 18 այցելուից 7-ին կատարվել է ամենաժամանակակից հետազոտությունը՝ դերմատոսկոպիա, որը թույլ է տալիս մաշկի, ենթամաշկի մակարդակում հստակ պատկերացնել, թե ինչ պրոցեսներ են ընթանում: Այդ 7 այցելուից 1-ի մոտ մելանոմայի վտանգ է հայտնաբերվել և խորհուրդ է տրվել դիմել Ուռուցքաբանության ինստիտուտ»,-ասաց Միքայել Սահակյանը:
ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանն էլ, խոսելով մելանոմայի առաջին նշաններից, նշեց, որ դրանք մի քանիսն են:

 


«Նշաններից են, երբ մի հատված տարբերվում է մյուսից, խալի եզրերի անհամաչափությունն ու գույնը, 6 մմ-ից բարձր լինելը, փոքրանալը, թեփոտելը, քոր գալը, և այլն: Եթե այս նախանշանները կան, դա դեռ չի նշանակում, որ մելանոմա է, պարզապես դրանք պետք է համարել ահազանգ ու դիմել բժշկի»,-ասաց նա:
Մասնագետները ամռանն ընդառաջ խորհուրդ տվեցին արևի ուղիղ ճառագայթների տակ չգտնվել, ծովափնյա հանգստի ժամանակ օգտագործել արևապաշտպան քսուքներ, լողալ մինչև առավոտյան ժամը 10:00-ն կամ 16:00-ից հետո: