Հայաստանում քաղաքական ընտրություններն, ինչ անուն էլ դրանք ունենան, մի հետաքրքիր առանձնահատկությամբ են մշտապես աչքի ընկել ու, դատելով ամենայնից, շարունակելու են հետայսու ևս առանձնանալ. դրանց սովորաբար հաջորդում է հատուցման ժամը, երբ խորհրդարան անցածները ձեռնամուխ են լինում սեփական թիմակիցների, իսկ ավելի հաճախ՝ սեփական հարազատների «մուրազների» իրագործմանը: Այսպես՝ պարզվում է՝ Արման Սահակյանը, որպես լավ աշխատանքի վարձատրություն,  նպատակադրվել է առաջիկայում իր կնոջը  թիվ 131 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնին նշանակել տա, իսկ իր կարևոր զինակիցներից մեկի բարեկամուհուն էլ՝ մանկապարտեզի տնօրենի պաշտոն շնորհել: Թե իրականում ինչ է կատարվում, ավելի քան ակնհայտ է:

Բոլորին էլ իրականում շատ լավ հասկանալի է՝ Սահակյանը, բնականաբար, միակը չէ, ով  այս օրերին համապատասխան անձանց պարգևատրմամբ է զբաղվում.  սա մի պրակտիկա  է, որի առաջն առնելն այսօր ոչ ոք ի զորու չէ ու որը բնորոշ է գրեթե բոլոր հաղթածներին: Բայց այս ամենը մեկ այլ հարց ևս առաջ է բերում: Բանն այն է, որ ներկայում ստեղծվել է մի կացություն, երբ այս կամ այն կրթօջախի ղեկավարի, տնօրենի պաշտոնում անձին նշանակել-չնշանակելու հարցը մեծապես ստացել է քաղաքական բնույթ, ու եթե դու, ասենք, համապատասխան քաղաքական ուժին քո աջակցությունը բերած, ինչ-որ թեկնածուի՝ նույն խորհրդարանական ընտրություններում սատարած մեկն ես, ապա դու կամ քո հարազատն, անկախ քո կամ նրա ունեցած մասնագիտական ընդունակություններից, կարող եք տիրանալ  սերունդների ճակատագրեր տնօրինելու աստիճան լուրջ պաշտոնի:

Ավելին՝ եթե տեղավորվում եք համապատասխանների պատկերացումների մեջ ու հանուն ոմանց քաղաքական նպատակների՝ ընդունակ եք նույնիսկ օրենք խախտել, ապա դա ընդհանրապես խնդիր չէ, ու որքան սիրտներդ ուզի, կարող եք օրենք խախտել ու անպատիժ մնալ. դպրոցի տնօրենների հետ կապված հայտնի պատմությունը՝ դրա վառ ապացույց: Իսկ թե այդ ընթացքում հանրակրթության որակն ինչպես կտուժի կամ կտուժի, թե ոչ, որևէ մեկին դա, ըստ էության, չի հետաքրքրում:

Անկասկած, բոլորս էլ ուրախ կլինեինք, եթե այս խնդիրը սկսվեր, ավարտվեր ու վերաբերվեր միայն կրթության ոլորտին, ու պրոբլեմը միայն մանկապարտեզներով սահմանափակվեր: Ցավոք՝ տիրող պատկերը միանգամայն այլ է՝ շատ ավելի գորշ երանգներով, ինչն էլ, ըստ էության, ընկած է երկրին այսօր հուզող խնդիրների հիմքում:

Դավիթ  ԲԱԲԱՆՈՎ