Հայաստանում այսօր` մայիսի 24-ին, ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի: Կեսօրից հետո կզարգանա ամպրոպային ամպամածությունը: Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին նշեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայութ յան օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում մեր տարածքում ցիկլոնային դաշտ չի լինելու: Միայն երեկոյան ժամերին զարգանալու է ներզանգվածային ամպամածություն: Ներզանգվածային կոչվում է այն ամպամածությունը, որ գալիս է ոչ թե ծովերից , ուրիշ այլ տարածքներից, այլ զարգանում է Հայաստանի տարածքում: Երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում, Շիրակում Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային բնակավայրերում, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կլինեն ամպրոպային բնույթի անձրևներ: Մյուս շրջաններում, ասենք, Երևանում, Արարատյա ն դաշտում անձրևները կլինեն տեղային: Նշեմ, որ անձրևները կլինեն միայն երեկոյան ժամերին, առաջին կեսին առանց տեղումների եղանակ է կանխատեսվում: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ մայիսին տեղումները դեռ կպահպանվեն»,-ասաց նա:

Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ մայիսի 25-ից երկիր կներթափանցեն տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: