Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները երեկ Բաթումիում հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է ռազմական համագործակցություն:

 

Կողմերը նաև պատրաստվում են ամռանն անցկացնել համատեղ զորավարժություններ, իսկ աշնանը՝ հանդիպում կազմակերպել երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների միջև: Ցավալի մի փաստ է ուրվագծվում ՝ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային ռազմական-քաղաքական գործընթացներից, իսկ ավելի վաղ՝ «հաջողացրել» ենք դուրս մնալ նաև տնտեսական պրոյեկտներից, այնպիսին, ինչպիսին է Բաքու- Թբիլիսի- Ջեյհան նավթամուղը, որը շրջանցում է Հայաստանը, իսկ մոտ ապագայում շահագործման է հանձնվելու նաև Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը:

 

Եթե թուրք–ադրբեջանական տանդեմի համար այդպիսի զորավարժությունների անցկացումը նպատակ ունի հետագայում զորքերի փորձն օգտագործել Ղարաբաղի դեմ, ապա Վրաստանի համար այդպիսի կոալիցիայի մաս կազմելը մի կողմից հարվածում է հայ–վրացական հարաբերություններին, մյուս կողմից` պրակտիկ առումով ոչինչ չի տալիս վրացական զինված ուժերին. Աբխազիայի ու հարավային Օսիայի դեմ պատերազմել, ըստ ռուս–աբխազական ու ռուս–օսիական նոր պայմանագրերի, կնշանակի պատերազմել ՌԴ–ի դեմ, որի զորքերն էլ հսկում են աբխազա–վրացական ու աբխազա–օսիական սահմանը։ Եռակողմ համագործակցության այս ֆորմատն առաջին հերթին ուղղված է հենց տարածաշրջանում Հայաստանի դերի, հետևաբար, նաև ռուսական գործոնի նվազեցմանը: Ադրբեջանի և Թուրքիայի հետ ՀՀ հարաբերությունները, մեղմ ասած, լարված են Արցախյան հակամարտության պատճառով, և ստեղծված իրավիճակում բնավ չի բացառվում, որ սահմանակից երեք երկրների համագործակցությունն ինչ-որ պահի կարող է շուռ գալ հենց մեր դեմ՝ թեկուզ և անուղղակի:


Մինչդեռ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ լուրջ քայլեր չեն կատարվում պոտենցիալ վտանգները չեզոքացնելու համար: Հաշվի առնելով՝ ինչպիսի ապաշնորհ արտաքին քաղաքականություն ենք վարում վերջին տասնամյակում՝ ընթացիկ գործընթացները չպետք է զարմանք առաջացնեն Հայաստանի քաղաքական էլիտայի մոտ: Մինչ այս պահը հայկական կողմը որևէ կերպ չի արձագանքել հարևան երկրների ՝ եռակողմ ձևաչափով միջոցառումներին: Միևնույն ժամանակ, երբ հիշում ես, որ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը վստահված է Յուրի Վարդանյանին, ով գուցե փայլուն մարզիկ է, բայց, մեղմ ասած, հեռու է դիվանագիտությունից՝ ամեն բան իր տեղն է ընկնում:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ