Գերմանիայի դաշնային կառավարությունը 2016 թվականին ընդհանուր առմամբ 20 մլրդ եվրո է ծախսել փախստականների վրա: Այդ մասին հայտնել է Rheinische Post թերթը:
Նշվում է, որ 9,3 միլիարդը հատկացվել է այն ծախսերի համար, որոնք անմիջականորեն կապված են փախստականների հետ: Դրանից 5,5 մլրդ եվրոն ծախսվել է այն միգրանտներին աջակցելու վրա, որոնց փախստականի կարգավիճակ տրամադրելու դիմումները դեռ քննարկվում են: Եվս 2 միլիարդ եվրո ծախսել են ինտեգրացման միջոցառումների վրա, 400 միլիոնը՝ հանրակացանների կառուցման եւ սարքավորման վրա:
Եվս 11 միլիարդ եվրո է հատկացվել, որպեսզի կանխվի մարդկանց փախուստն իրենց երկրներից:

 

Փախստականների գործերի համակարգողի՝ դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալտմայերի խոսքով, որը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը, միգրանտների հոսքը Եվրոպա աստիճանաբար թուլանում է: Մասնավորապես, կրճատվել է ապաստան խնդրողների հոսքը Թուրքիայից եւ Հունաստանից: Չի ավելանում այն միգրանտների թիվը, որոնք Իտալիայում հայտնվում են Լիբիայից:

 

2015 թվականին մերձավորարեւելյան երկրներից Գերմանիա է ժամանել շուրջ 1 մլն միգրանտ, 2016 թվականին փախստականների թիվը նվազել է մինչեւ 280 հազար:

 

Լուսանկարը' Reuters