Արդեն մի քանի տարի է՝ ՀՀ-ում ներդրվել են հարկային և պետական մարմիններին ներկայացվող տեղեկությունների, հաշվարկների, հաշվետվությունների էլէկտրոնային ներկայացման համակարգերը: Չնայած համակարգի՝ պարբերաբար ծագող տեխնիկական խնդիրներին, այն տնտեսել է պետական աշխատողների, տնտեսվարող սուբյեկտների ժամանակը և ապահովել է զգալի առաջնթաց՝ բյուրոկրատական համակարգի կրճատման հարցում:  Սակայն, ըստ մասնագետի, առկա են խնդիրներ պետական տարբեր մարմինների միջև տվյալների փոխանակման հարցում:

Մասնավորապես` կա անհրաժեշտություն ՊԵԿ-ի և ԱՎԾ–ի միջև տվյալների փոխանակման համակարգի ստեղծման: Հիմնավորելու համար ուսումնասիրություն է կատարվել առևտրի ոլորտով զբաղվող խոշոր ընկերությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների ծավալների մասով:

ՊԵԿ ներկայացվող հիմնական հաշվետվություններն են՝

1/ Եկամտային հարկի և սոցիալական վճարների մասին հաշվետվություն – ամսական

2/ Ավելացված արժեքի հարկի մասին հաշվետվություն – ամսական

3/ Շահութահարկի տարեկան հաշվետվություն

Վերոնշյալ հաշվետվություններն իրենց մեջ պարունակում են կազմակերպության գործունեության հետ կապված հիմնական տվյալները՝ առևտրի շրջանառություն, հարկեր, աշխատողների թվաքանակի և շարժի վերաբերյալ տվյալներ, ապրանքների և ծառայությունների տեսակները, շահույթը և այլն:

Հաշվետվությունների քանակը տարեկան կտրվածքով 25-ն են:

ԱՎԾ ներկայացվող հաշվետվությունները տարեկան կտրվածքով կազմում են 39-ը`

1/ 1Ա - աշխատավարձ – ամսական

2/ 1Ա - աշխատավարձ – տարեկան

3/ 1 - կադրերի ուսուցում – տարեկան

4/ 1 - առևտուր – ամսական

5/ 3 – առևտուր – տարեկան

6/ 1 ԲՌ – բիզնես հարցաթերթ – տարեկան

7/ 6Ֆ – դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, վարկերի և փոխառությունների մասին – եռամսյակ

8/ 11 ՀՄ – հիմնական միջոցներ – տարեկան

Կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվություններին հավասարեցված հաշվետվություններ

9/ 1 ՏԳ – եռամսյակ

10/ 1 ՏԳ  - տարեկան

11/ 3Ֆ – ֆինանսական հաշվետվություն – տարեկան

Առկա են ներքոնշյալ խնդիրները՝

ա/ ԱՎԾ ներկայացվող հաշվետվություններից մի քանիսը, բացի ամսական կամ եռամսյակային հաշվետվություններից ունեն նաև իրենց տարեկան հաշվետվությունները

բ/ Եթե հարկային հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաջորդող ամսվա 20-ը, ապա ԱՎԾ հաշվետվությունների ներկայացման ժամկետները տարբեր են, կան սահմանված ավելի սեղմ ժամկետներ, քան հարկային ներկայացվող հաշվետվություններն են

գ/ Առկա են ցուցանիշների կրկնություններ տարբեր հաշվետվությունների մեջ:

Այսպիսով, եթե ապահովվի տվյալների փոխանակում ՊԵԿ, պետական այլ մարմինների և ԱՎԾ միջև, ապա տնտեսվարող սյուբեկտների կողմից ԱՎԾ ներկայացվող հաշվետվությունների ծավալը հնարավոր է էականորեն կրճատել: Ենելով վերոգրյալից, հաշվի առնելով կառավարության կողմից որդեգրած տնտեսվարող սյուբեկտներին աջակցելու քաղաքականությունը, ակնկալում ենք բոլոր ոլորտների գծով ԱՎԾ ներկայացվող հաշվետվությունների ուսումնասիրություն, և եթե պարզվում է, որ տնտեսվարող սյուբեկտը պահանջվող ինֆորմացիան արդեն մեկ այլ հաշվետվությամբ ներկայացրել է որևէ պետական մարմնի, այդ թվում՝ ԱՎԾ, ապա բացառել տվյալ տեղեկատվության կրկնակի ներկայացման պահանջը: