Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը գործադիր մարմնի  նիստի ընթացքում նորից հնչեցրեց հանձնարարական «Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ: Վարչապետի փոխանցմամբ՝ ըստ ՏԿԶ նախարարի՝  այս ոլորտում արվել են բազմաթիվ առաջարկություններ և իրականացվել են մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ:

 

Հաշվի առնելով նշյալը՝ վարչապետն առաջարկեց համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտ, իսկ ՏԿԶ նախարարի պաշտոնակատարին՝ 15 օրյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել փակման ենթակա աղբավայրերին օժանդակություն տրամադրելու, չսահմանված տարածքներում աղբ թափելու համար տուգանքների սահմանման նախագիծ:

 

Վարչապետի համոզմամբ՝ սանիտարական տեսուչները կկարողանան համապատասխան քաղաքացիներին բերել ցիվիլ դաշտ: «Մենք նման ինստիտուտներ չունենք, ես կարծում եմ՝ տրամաբանական է, բյուջեից գումար չի պահանջում. ասում է՝ այ սա, սա՝ չի կարելի, եթե անում են՝ տուգանվում են»,-ասաց վարչապետը: