ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է:

Հարցին, թե արդյունքում ի՞նչ քայլեր են իրականացվելու` հետագայում նման դեպքերից խուսափելու համար, ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը պատասխանել է, որ այժմ ամփոփում են ձևավորված աշխատանքային խմբի առաջարկները: Ըստ նրա`  առաջարկներն այս անգամ պետք է լինեն ավելի հիմնարար և ուղղված լինեն ամբողջ կրթական համակարգի զարգացմանը:«Առաջարկների մի մասի արդյունքում պետք է ունենանք դպրոցների ապաքաղաքականացում, պրոֆեսիոնալ կազմի` ուսուցիչների, տնօրենների ընտրության ավելի հստակ մեխանիզմների ձևավորում: Բացի այդ`  կվերանայվեն դպրոցական խորհուրդների գործունեությունն ու դրանց իրական ազդեցության շրջանակը, քանի որ հաճախ տեսնում ենք, որ դրանք դառնում են կոնկրետ անձերի ու շահերի կամակատարներ, այլ ոչ թե պաշտպաններ այն առաքելության, որին կոչված են»,- ասել է Մկրտչյանը:

Նա նշել է նաև, որ փոփոխությունների մի մասը կլինի կարգերի, օրենքների ձևով, իսկ որոշակի հատվածն էլ` կոնկրետ կազմակերպչական առումով: Մկրտչյանը խոստացել է 1-2 շաբաթ անց ներկայացնել ուսումնասիրության արդյունքները: Նախ հարկ է փաստել, որ պետական կառույցները, որոնք իրենց գործառույթների շրջանակում այս ընթացքում զբաղվեցին սկանդալային ձայնագրություններով, առանձնապես հանրությանը չզարմացրին՝ արդարացներով պաշտոնական դիրքը վասն ՀՀԿ-ի չարաշահած տնօրենների գործողությունները: Իսկ այժմ ՀՀԿ արդարացման սուրբ գործին լծվել է նաև ԿԳՆ-ն: Միայն այն իրողությունը, որ մինչ օրս, թեկուզ ձևական, հանրության աչքը թոզ փչելու համար դպրոցի կամ մանկապարտեզի որևէ տնօրեն չենթարկվեց պատասխանատվության, արդեն իսկ փաստում է, ԿԳՆ-ի կողմից նրանց հանդեպ տածած առանձնահատուկ ջերմ վերաբերմունքի մասին:

Հատկանշական է փաստը, որ կատարվածը չի հերքել հենց ՀՀԿ-ն, այլ շտաբի տարածած հայտարարությամբ փորձել են արդարանալ՝ ասելով. «ԸՕ-ն չի արգելում ՀՀ քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս»: Նկատենք՝ ցանկացած նորմալ երկրում նման բացահայտումից հետո իշխող քաղաքական ուժը ներողություն կխնդրեր, նույնիսկ դուրս կգար ընտրապայքարից, մինչդեռ Հայաստանում իշխանությունները ոչ միայն ներողություն չեն խնդրել, այլեւ  ջրից չոր են դուրս բերել իրենց անդամներին: 1999-2003 թվականներին կրթության ոլորտում իրականացված 15 միլիոն դոլարի վարկային ծրագրով դպրոցներում պետք է ներդրվեր ինքնավար համակարգ, որպեսզի դպրոցի տնօրենները որևէ կերպ կախվածության մեջ չլինեին վերադասներից, օրինակ՝ մարզպետից։

Ծրագրի արդյունավետության անուղղակի գնահատականը հանրությանը ներկայացվեց անցած խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակեց 114 դպրոցների տնօրենների սկանդալային ձայնագրությունները` հօգուտ ՀՀԿ-ի ցուցակագրում իրականացնելու մասին: Ինչ վերաբերվում է ԿԳՆ ներկայացնելիք առաջարկներին, ապա հազիվ թե դրանք արմատախիլ անեն կրթական համակարգի այս արատավոր երևույթները: Լավագույն դեպքում ականատես կլինենք մի քանի ցուցադրական քայլերի և վերջ: Օրինակ՝ կփորձեն վերանայել դպրոցների խորհուրդների լիազորությունները: Նախորդ տարի էր, երբ ԿԳՆ-ն ԱԺ ներկայացրեց օրինագիծ, ըստ որի՝ նախատեսված է պետական պաշտոնյաներին արգելել զբաղեցնել բուհերի խորհուրդների ղեկավարի պաշտոնը: Դա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ, եթե ոչ պաշտոնյաները, ապա իրենց կանայք առնվազն բուհերի խորհուրդներում, կամ դպրոցների տնօրենների պաշտոնում շարունակելու են խոչընդոտել կրթական համակարգի ապաքաղաքականացմանը: Արման Սահակյանի կնոջ պաշտոնի շուրջ բարձրացված աղմուկը՝ դրա վառ վկայությունն է:

Եվ այն, որ կրթական ոլորտը օր-օրի արագ տեմպերով շարժվում է դեպի դեգրադացում՝ նույնպես համակարգի կուսակցականացվածության արդյունք է: Միամտություն կլինի ենթադրել, որ իշխող քաղաքական ուժը կգնա կրթական համակարգի ապաքաղաքականացման քայլին, դրանով իսկ զրկելով ինքն իրեն կարևորագույն լծակներից: Իրականում հավի-ձվի պատմության պես մի բան էլ սա է, մինչեւ չփոխվի իշխանությունը, ու չգա այս ամենը ու մի հարյուր անգամ ավելին հասկացողը, չենք ունենալու այս արատների վերացում, ուրեմն չենք ունենա նաեւ քաղաքացի մեծացնող կրթական համակարգ: Բացառությունները շատ մանր են այստեղ քննարկվելու համար:

Ստելլա Խաչատրյան