ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը մայիսի 25-ի կառավարության նիստի հաստատմանն է ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Արթուրի Հովհաննիսյանի խոսքով՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա նախատեսվում է ստեղծել Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանմանը, ակտիվների, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգերի կենսագործմանը, կրթական, հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված գործառույթներ:

Ավելի քան մեկ տասնամյակ Հայաստանը փորձում է ավելի արդյունավետ դարձնել հակակոռուպցիոն պայքարը, գտնել ճանապարհներ, որոնցով կոռուպցիայի դեմ հնարավոր կլինի ոչ թե իմիտացիոն, այլ իրական պայքար ծավալել: Այս ընթացքում Հայաստանում տարբեր կառույցներ են ստեղծվել, առնվազն երկու ռազմավարություն է մշակվել: Ընդհանուր առմամբ կոռուպցիոն իրավիճակը երկրում էականորեն չի փոխվել: Եթե թվերով, ապա կոռուպցիայի ընկալման հայաստանյան համաթիվը 2016-ին նախորդ տարվա համեմատ 2 նիշով  նվազել է:  Կոռուպցիոն իրավիճակը վերջին տարիներին աշխարհում վատացել է գլոբալ առումով. եթե կոռուպցիայի ընկալման համաթիվը մինչ այժմ աշխարհի երկրների մոտ 2/3-ում էր ցածր 50-ից, ինչն արդեն լուրջ խնդրի առկայության ցուցանիշ է, ապա այժմ աշխարհի երկրների մոտ 70 տոկոսում է այդպիսի վիճակ: Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ օրենսդրական փոփոխությունները, ռազամավորությունները, տարբեր կառույցներն  առանց քաղաքական կամքի իրավիճակ չեն փոխում: Սա վերաբերվում է նաև Հայաստանին:

Փորձը ցույց է տալիս, որ օրենսդրական փոփոխությունները, ռազմավարությունները, կառույցները խնդիրը չեն լուծում, եթե իշխանությունները չունեն քաղաքական կամք: Եթե այդ կամքը լինի, կապ չունի՝ դրա համար հակակոռուպցիոն խորհուրդ, անկախ մարմին կամ նմանատիպ այլ կառույց կա՞, թե՞ ոչ: Եթե քաղաքական կամք կա, ապա ավելի շատ մասնագիտական անկախ մարմնի անհրաժեշտություն է առաջանում: Դա ավելի շատ օգուտ կտա, իսկ եթե կամք չկա, ապա այսպես կառավարությունները կփոխվեն, վարչապետները կփոխվեն, և սեղանին կմնա միայն հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ թղթի վրա: Եթե ստեղծվելիք անկախ մարմնի միայն անվանումն է լինելու անկախ, բայց չի ձևավորվելու և չի ապահովվելու այդ մարմնի անկախությունը և չի ունենալու հանրային բարձր վստահություն, այդ մարմինը չի կարող արդյունավետորեն պայքարել և գրանցել լուրջ արդյունքներ:

Ստելլա Խաչատրյան