2017 թ․ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունները։ Ձևավորվեցին նոր ուժեր, դաշինքներ, ընդդիմություն։ Նոր քաղաքական պլատֆորմի՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ ստեղծում է ազգային դիմադրության ճակատ ամբողջ Սփյուռքում։ Սրան հետևեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանի արձագանքը, ըստ որի, եթե ձևավորվի նման ճակատ, պատրաստ են կանգնել նրա կողքին։ 

 

ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ով մինչ խորհրդարանական ընտրությունները և դրանից հետո գտնվում էր ԱՄՆ-ում, վերադարձել է։ Այստեղից հետևություն կարելի է անել, որ Հովհաննիսյանը, զգալով, որ ընդդիմադիր դաշտ է ձևավորվում, շտապեց վերադառնալ Հայաստան և կրկին հանդես գալ ընդդիմադիր կեցվածքով։

 

Հայաստանում, ընդհանրապես, գոյություն ունի՞ ընդդիմություն և այն կարո՞ղ է համախմբել ամբողջ սփյուռքը՝ ինչպես ցանկանում է Փոստանջյանը, թե ոչ՝ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը փորձեց պարզել քաղաքագետ Արմեն Բադալյանից։

 

«Հայտարարությանը չպետք է լուրջ վերաբերվել, քանի որ շարժումը չկա, իսկ  ուղղակի նման հայտարարություններ՝ բազմաթիվ գործիչների կողմից են եղել: Նման ընդդիմադիր ճակատ ստեղծելու համար հարկավոր են մեծ ֆինանսական ռեսուրսներ, բայց արդյո՞ք «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ունի այդ ռեսուրսները, որպեսզի ստեղծի նման հսկայական կառույց»,- ասաց քաղաքագետը:

 

Նրա կարծիքով՝ ընդդիմադիր կառույցներին ոչինչ չի խանգարում նման ճակատ ստեղծել, բայց դրա համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնք Հայաստանում ունենալ չեն կարող. պետք է դիմեն դրսի աջակցությանը: Դրանից բացի՝ կա ևս մեկ շատ կարևոր հանգամանք. ընդդիմադիր ճակատ ստեղծող քաղաքական ֆիգուրները պետք է բարձր վարկանիշ ունենան հասարակության շրջանում:  «Երկիր Ծիրանի»-ն դրանցից ոչ մեկը չունի:

 

Բադալյանը նկատեց՝ Սփյուռքը չի միավորվի, քանի որ նրանք չեն ցանկանում Հայաստանի հետ առնչություն ունենալ․ «Սփյուռքի միավորման մասին խոսելն ուղղակի անլուրջ է»,-ասաց քաղաքագետը, հերքելով տեսակետը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստան շտապելու հիմնական պատճառը Սփյուռքի օժանդակությամբ Հայաստանում ընդդիմադիր նոր՝ մեծ ճակատի ձևավորումն է:

 

Մեր զրուցակցին խնդրեցինք համեմատականներ անցկացնել փողոցում ձևավորվող ընդդիմադիր շարժման և Ազգային ժողովում հայտնված  երկու ընդդիմադիր ուժերի՝ «Ծառուկյան» և ԵԼՔ դաշինքների միջև: Արմեն Բադալյանը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը դե յուրե աջակցելու է «Հանրապետական» կուսակցությանը և նախագահին, երբ նախագահին դա պետք լինի․ ««Ծառուկյան» դաշինքն իր դերը երկար ժամանակ կպահպանի, որովհետև իր ֆինանսական կարողություններով կարող է մեծ ձայներ ապահովել խորհրդարանում: Նրանք այս կամ այն հարցի դեպքում որոշակի քվեարկություն կարող են իրականացնել, որը, հնարավոր է՝ չհամապատասխանի նախագահի ցանկությանը, բայց դա իհարկե կլինի նախագահի ընդհանուր ծրագրերի ներքո։ Նախագահին դեմ նրանք դուրս չեն գա, չնայած որ՝ ընդդիմություն են։


Ինչ վերաբերում է ԵԼՔ-ին, ապա այն վերածվեց մի ընդհանրական ուժի, որը չունի ուղղվածություն և, հետևաբար, այս դեպքում նրանք աջակցություն չեն ստանա: Ըստ այդմ, ԵԼՔ-ը լայն դաշտ չի կարող ունենալ Հայաստանում։ Ընդամենը ժողովրդավարական իր դիզայնը կապահովի խորհրդարանում, և դա՝ նախագահի կողմից գծված պլանների մեջ համապատասխան դերակատարում ունենալն է»։ 

 

Բադալյանը, եզրափակելով խոսքը, նշեց՝ Հայաստանում ընդդիմությունը գնացել է քաղաքական արձակուրդի, թե երբ կվերադառնա՝ հայտնի չէ։

 

Սոնա Հարությունյան