Կառավարությունը երեկ որոշեց Գեղարքունիքի մարզպետ նշանակել Կարեն Բոթոյանին: Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց վերջինիս՝ պաշտոնի նշանակվելու առիթով և նշեց, որ մեծ սպասելիքներ ունի նրանից: Թերևս Կարեն Կարապետյանն այնքան էլ լավատեղյակ չէ Կարեն Բոթոյանի՝ հինգերորդ գումարման ԱԺ-ում արձանագրած ակտիվությամբ, միայն դրանով կարելի է բացատրել վարչապետի տածած հույսերը:

 

Parliamentmonitoring.am կայքի տվյալներով՝ 5-րդ գումարման ԱԺ բոլոր նստաշրջանները միասին վերցրած՝ պատգամավորը տվել է 0 հարց, ունեցել 0 ելույթ: Փոխարենը՝ շատ ակտիվ քվեարկել է: Հիմնականում՝ կողմ: 810 անգամ: Դեմ է քվեարկել 9 անգամ, ձեռնպահ մնացել՝ 12 անգամ: Նիստերին չի մասնակցել 60 անգամ: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Թիվ 8 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գեղարքունիքի մարզը, իշխող ՀՀԿ-ի առաջադրած ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայներ ստացել էր հենց Կարեն Բոթոյանը: Նա հավաքել էր 14932 ձայն՝ շուրջ 500 ձայնով առաջ անցնելով Գեղարքունիքի արդեն իսկ նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից:


2012 թվականին ՕԵԿ-ից խորհրդարան անցած այս երիտասարդը քաղաքական շրջանակներում հայտնի է որպես գործարար Սերգեյ Մանուկյանի (Շինանյութի Սերոժ) փեսա: Սա այն դասական դեպքերից է, երբ խորհրդարան մտնելով իբրև հայտնի աներոջ փեսա՝ նա այդպես էլ իր ես-ը չգտավ: Երբ ՕԵԿ-ը հրաժարվեց ՀՀԿ-ի հետ կոալիցիայից, Կարեն Բոթոյանը լքեց Արթուր Բաղդասարյանի թիմը և անմիջապես համալրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը: Իր այս քայլը Բոթոյանը բացատրել էր նախագահի հանդեպ տածած անսահման հավատով.

 

Երևում է՝ Կարեն Բոթոյանի հավատն առ Սերժ Սարգսյան՝ փոխադարձ է, հակառակ պարագայում՝ հազիվ թե Սերժ Սարգսյանը թույլ տար, որ նա նորից ԱԺ մտնելու հավակնություն ունենար, այն էլ՝ ՀՀԿ-ի ցուցակով, իսկ այնուհետև շնորհեր Բոթոյանին Գեղարքունիքի մարզի ղեկավարությունը: Ընտրություններից հետո Բոթոյանը շնորհակալություն էր հայտնել ընտրողներին. «Երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր, վստահելով ինձ և իմ խոսքին՝ ընտրեցին ճշմարիտ քաղաքականության ճանապարհը: Սա առաջին հերթին ձեզանից յուրաքանչյուրի հաղթանակն է…
Շնորհակալ եմ վստահության համար…»,- իր երախտագիտությունը այսպես էր արտահայտել Բոթոյանը:

 

Հարկ է նշել, որ ընտրողների սիրտը շահելու ճանապարհը Բոթոյանը գտել էր ոչ միայն փողով, որն ինչպես հայտնի է, մութ տեղն էլ է լույս տալիս, այլ նաև գործի էր դրել երգն ու տաղը: Նա իր հարազատ Վարդենիսին նախընտրական շրջանում երգ էր նվիրել. «Սիրելի՛ վարդենիսցիներ, ես երկար մտածեցի, թե ինչ կարող եմ անել Վարդենիսի համար: Որոշեցինք մեր ընկերների հետ միասին ստեղծել մի գեղեցիկ երգ, որը նվիրված է Վարդենիսին և վարդենիսցուն» : Փաստորեն օրենքի, իրավական ակտերի ու կարգերի փոխարեն՝ Բոթոյանը երգ ու տաղ էր ստեղծում: Ճիշտ է, երգի խոսքերի հեղինակը ինքը չէ, այլ գուսան Սերգեյ Կարինյանը, բայց պատվիրատուն հո ինքն է: Իսկ այժմ արդեն ողջ Գեղարքունիքի մարզը աչքը ջուր կտրած կսպասի, թե մի օր իրենց մարզպետի հորինած երգը հեռավոր ամերիկաներում և եվրոպաներում որևէ մրցանակ կշահի, ու դրանից հետո աշխարհն էլ կիմանա Գեղարքունիքի տեղը: Թե չէ՝ Բոթոյանին ընտրողները երկար պիտի մտածեն, թե որն էր այս նշանակման մեջ իրենց բաժին հաղթանակը:


Ստելլա Խաչատրյան