Մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները վնասազերծել էին մի խումբ զինված անձանց, ովքեր նախապատրաստվում էին սպանություն կատարել, և այդ նպատակով բնակարան էին վարձակալել Էջմիածին քաղաքում, նրանք ապօրինի կերպով ձեռք էին բերել զենքեր և զինամթերք, ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։

Թիրախում եղել են երկու քրեական հեղինակություններ` Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) և Արամ Վարդանյանը (Վստրեչի Ապեր):

Քրեական գործով ձերբակալվել է 3 անձ:

Նշենք, որ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Արտյոմ Կանևսկո:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ նախաքննության շահերից ելնելով չեն կարող հրապարակել ձերբակալված անձանց ինքնությունը:

«Երբ ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվեն դատավարական որոշումներ, դրանց մասին տեղեկություն կտրամադրվի»,- ասաց Տռուզյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք այդ 3 ձերբակալվածների մեջ կա՞ Արտյոմ Կանևսկոն, ում մամուլը վերագրել է որպես պատվիրատու, Սոնա Տռուզյանը չհաստատեց այդ տեղեկությունը, վերջինս կրկնեց` «կա 3 ձերբակալված»: