ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ ոչ միայն հարկայինում, այլև ընդհանուր համակարգում կրճատումներ կլինեն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտոնյան: 

 

Նրա խոսքով՝ ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հունվարի 1-ից մինչ օրս աշխատանքից ազատվել են 200-ից ավելի աշխատակից:

 

Հարցին՝ հաստիքներն ուռճացվա՞ծ էին, կրճատումները դրա՞ համար են արվում, Վարդան Հարությունյանն ասաց. «Ուղղակի վաղուց ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ չէին եղել, հիմա որոշել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ անել: Դա ոչ թե կախված է նրա հետ, որ նախկինում ուռճացված է եղել` նման բան չկա: Ուղղակի ժամանակի հետ քայլելու խնդիր կա: Տեխնոլոգիաների դարաշրջանում ենք ապրում և պետք է ամեն ինչը համապատասխանեցնենք այսօրվա գործող երևույթներին»:


Դիտարկմանը՝ Ձեր կադրերի՞ն եք բերում ՊԵԿ համակարգ, Վարդան Հարությունյանը պատասխանեց.«Ոչ, իմ  գալուց բոլորը խոսում էին, որ «Գազպրոմի» աշխատողները գալու են ՊԵԿ, բայց նման բան չեղավ, իրականում չկա նման աշխատակից»:


Անդրադառնալով «Բավրայի» մաքսակետի պետի ձերբակալման դեպքին` Վարդան Հարությունյանը նշեց. «Եթե որոշակի պահանջներ խախտվում են, մարդիկ չեն ընկալում, որ չի կարելի նման ձևով վարվել, իհարկե, կլինեն և՛ ձերբակալություններ, և՛ այլ բաներ»: