Պարզվում է` Արա Բաբլոյանի` ՀՀ ԱԺ նախագահ դառնալն իսկական ճակատագրական հետևանքներ կարող  է թողնել մի շարք մարդկանց  կյանքում,իսկ ավելի ճիշտ` hայաստանյան քաղաքական կյանքում կարկառուն մի շարք դեմքերի հարազատների. Բաբլոյանը ձեռնամուխ է լինում ԱԺ աշխատակազմի աստիճանական կրճատմանը:


Թե հատկապես ինչու հենց հիմա,իհարկե, խոսակցության միանգամայն այլ թեմա է,բայց այն,որ նրա այս քայլը ջրի երես է դուրս բերում հայաստանյան ռեալներից բխող մի շատ ցավալի իրողության ամանատգեղ կողմերից մեկն,անկասկած է: Պարզվել է` տարիներ ի վեր հարկատուներիս մուծած հարկերով Ազգային ժողովում պահվել են հաստիքներ,որոնց ՕՕԳ-ն բառացիորեն զրոյական է եղել: Դիցուք` ԱԺ նախկին նախագահը  մի ամբողջ 24 օգնական, խորհրդական, ռեֆերենտ է ունեցել,որոնցից այժմ իրենց աշխատատեղերը պահպանելու են միան 6-ը: Ավելին` պարզ է դարձել նաև,որ ԱԺ-ն  վաղուց դարձել է հայրենի պաշտոնյաների,բայց հատկապես պատգամավորների երեխաների ու մոտ հարազատների կարիերային խնդիրները լուծելու լավագույն վայրը. օգնականների պաշտոններում հիմնականում հենց հայտնի քաղաքական դեմքերի զավակներն են աշխատել ու աշխատում:


Իսկ թե ինչու է հենց Բաբլոյանը որոշել սև գործը սեփական ուսերին առնել (խոսքը կրճատումների մասին է), անկասկած, ակնհայտ է. այստեղ խնդիրը ոչ թե պետական բյուջեի փողերը խնայելու բարի ցանկությունն է,այլ,ըստ էության, այլոց սխալների վրա սեփական փիառը գրագետ ձևով կազմակերպելը: Իսկ ո՞վ է ասել,որ չի կարելի հաճելին  զուգորդել օգտակարի հետ. մարդը և՛ պետությանը լավություն արած կլինի, և՛ հայոց պատմության մեջ կհավերժանա`հռչակվելով պետական բյուջեի նկատմամբ ամենաջերմ զգացմունքներ տածած  ԱԺ խոսնակ: Երկուսը`մեկում,ինչպես հայտնի գովազդում…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ