Հայաստանի պաշտպանության նախարարությունում սկիզբ են առել որոշակի գործընթացներ, որոնք իրականում չեն կարող մակերեսային գործոններով պայմանավորված լինել: Միայն այն,որ դրանք պատված են գաղտնիության շղարշով,հուշում են,որ ինչ-որ բան է կատարվում այնտեղ: Ենթադրելի է,որ կադրային նոր քաղաքականությունը,որի տրամաբանական հետևանքներից մեկը դարձավ ՌՈ պետի փոփոխությունը,երբ այդ պաշտոնին նշանակվեց նախագահականի թիկնազորի պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը, իրականում հուշում է,որ շատ որոշակի տրամաբանություն է դրված կադրային նոր քաղաքականության հիմքում. ենթադրել է,որ նախագահը փորձում է իր համար լիովին ընկալելի ու վստահություն վայելող մարդկանց նշանակել համապատասխան պաշտոնների, մարդկանց, ովքեր ամենավճռորոշ պահին զերծ կմնան ճակատագրական սխալներ գործելուց: Այսինքն` այն նույն սկզբունքն է կիրառվում,ինչ Վիգեն Սարգսյանի նշանակման պարագայում,ու նույնիսկ չի բացառվում,որ միջին օղակներում սկիզբ առած կադրային այս թարմացումները պայմանավորված լինեն  նաև հենց Վիգեն Սարգսյանի գործոնով:


Ակնհայտ է,սակայն,որ պատերազմող երկրի համար այս ոլորտում ընթացող հույժ կարևոր պրոցեսները չեն կարող կրել միայն ներքին իրողություններով պայմանավորված բնույթ.այստեղ նաև պատերազմի գործոնն է շատ կոնկրետ դեր խաղում: Բնավ էլ չի բացառվում,որ կադրային փոփոխությունների հիմքում ընկած լինի նախապատերազմական իրավիճակից բխող որոշակի տրամաբանություն: Հնարավոր է` այսկերպ պետության բարձրագույն ղեկավարությունը փորձում է Հայաստանն առվել ամուր դարձնել հենց ներսից`շատ լավ գիտակցելով,որ լայնամասշտաբ պատերազմի ուրվականը շարունակում է է՛լ ավելի զգալի դարձնել սեփական ներկայությունն Անդրկովկասում: Իսկ կրկնել Ապրիլյան պատերազմի բացթողումներն այս պարագայում ուղղակի աններելի կլիներ,ինչն էլ,ամենայն հավանականությամբ, ստիպում է նախագահին շատ կոնկրետ կադրային տեղաշարժեր իրականացնել Պաշտպանության նախարարությունում:

 

Ինչ պատճառներ էլ ունենան սկիզբ առած գործընթացներն,իրականում նպատակը մեկը պետք է համարել` երկրի հզորացումը, դրա պաշտպանունակության բարձրացումը, մարտահրավերներին դիմակայելու ընդունակությունը. արցախյան հակամարտությունը ևս 10 տարի չի ձգվելու, ու հարկավոր է լավագույնս պատրաստ լինել թշնամուն վերջնականապես կործանելու պատասխանատու գործը գլուխ բերելուն:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ