UWC Դիլիջան քոլեջում մեկնարկեց «Լիցքավորելով աշխարհը» խորագիրը կրող Aurora Dialogues քննարկումների երկրորդ շարքը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել մարդասիրության ոլորտի ակնառու ներկայացուցիչներ, գիտնականներ, բարերարներ, գործարար, մեդիա ոլորտի և քաղհասարակության ներկայացուցիչներ:

 

Վեց կարճ քննարկումների շրջանակում բանախոսները կներկայացնեն դրական փոփոխությունների և բացասական երևույթների դեմ պայքարի մասին իրենց պատկերացումները, միասին կգտնեն պատասխան այն հարցին, թե ինչպես կարելի է մարդկանց մղել ամենախոցելի խմբերի համար քայլեր ձեռնարկելուն:

 

Բանախոսները խոսելու են կրթության, մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերների, փախստականների կարողությունների հզորացման, լրատվամիջոցների դերի մասին: Նրանց շարքում են Թագուհի Ռանիայի անվան Կրթության և զարգացման հիմնադրամի տնօրեն Հաիֆա Դիա Ալ Աթիան, Bild օրաթերթի փոխխմբագիր Ֆլորիան Ֆոն Հայնցը, դերասանուհի և «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Չուլպան Խամատովան, 2016 թվականի Ավրորա մրցանակի դափնեկիր, Maison Shalam խնամքի տան և Rema հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, Նոբելյան մրցանակի դափնեկիր, լիբերիացի խաղաղության ակտիվիստ և կանանց իրավունքների պաշտպան Լեյմա Գբովեն և այլք:

 

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ քոլեջի տնօրեն Դենիս Դևիդսոնը:

«Մեր քոլեջի սկզբունքները, ցանկություններն ու նպատակներն այնքան փոխկապակցված են այն ամենին, ինչ հիմա այստեղ անում ենք. «Ավրորա»-ն ՝մարդասիրության համար, միասին ապրելու ու սովորելու համար: Մենք ուրախ ենք ձեզ այստեղ հյուրընկալելու համար, որպեսզի օգնենք միասին հասկանալ՝ ինչ է կատարվում աշխարհում այսօր»,- ասաց նա:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն էլ նշեց, որ ոչ միայն մեծ առավելություն է այսօր ներկաներին հենց այս քոլեջում հյուրընկալելը, այլև երիտասարդ, տաղանդավոր մարդկանց հնարավորություն տալը սովորել և մտածել կարևոր բաների մասին։