Երևանում այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ նիստը, որը նախագահում էր Սերժ Սարգսյանը: Նիստը նաև հոբելյանական է, քանի որ համընկնում է հիմնադրամի գործունեության 25-րդ տարեդարձին:

 

«Հիմնադրամը շարունակում է վայելել մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը»,- ասել է Սարգսյանը: Անկեղծ ասած` դժվար է ասել, թե Սերժ Սարգսյանը որտեղ է տեսել այդ վստահությունը` չնայած Հայաստանում ամեն ինչ է հարաբերական, օրինակ` մարդիկ կարող են համատարած զզվել իշխանություններից, բայց 70% քվե տալ ՀՀԿ-ին: Մոտավորապես նույն սկզբունքով էլ գործում է «Հայաստան» հիմնադրամը, որի նկատմամբ վստահությունը սասանված է հատկապես այն պատճսռով, որ Հայաստանում չկա արդյունավետ կառավարում և մեծ չափերի է հասել կոռուպցիան: Օրինակ, սփյուռքի մեր հայրենակիցները կարծում են, որ իրենց նվիրատվությունները Հայաստանում մսխվում են, և թերևս հիմնավոր պատճառներ ունեն ադպես մտածելու: Առհասարակ, սխալ, առնվազն հնացած է մեր պատկերացումները համազգային հարթակների մասով: Անցել են ժամանակները, որ Հայաստանը սփյուռքից գումարներ պետք է ակնկալի մուրացիկի կարգավիճակով կամ սփյուռքին «կթու կովի» կարգավիճակ վերապահի:


Ժամանակն է, որ սփյուռքը գործուն դերակատարում ստանձնի Հայաստանում կառավարման որակի բարձրացման գործընթացում, եթե պետք է՝ նույնիսկ պահանջի իշխանություններից և պետությունից՝ գնալ այնպիսի քայլերի, որոնք ի վերջո կկերտեն մեր երկրի նոր դիմագիծը: Մինչդեռ մեր պարագայում երկկողմանի պասիվություն է. սփյուռքը հիասթափված է Հայաստանից, Հայաստանն էլ ամեն կերպ ջանում է ապացուցել, որ հիասթափվելու առիթներ իրոք առկա են: Պարզ օրինակ. ի՞նչ արեց Հայաստանը ԱՄՆ-ում Էրդողանի թիկնազորի կողմից ծեծված մեր հայրենակիցներին թեկուզ բարոյապես աջակցելու համար: Ոչինչ: Իսկ մոտ ամիսներին միլիոննե՞ր ենք ակնկալելու…Ու՞մ սիրուն աչքերի համար սփյուռքը պետք է ձեռքը գրպանը տանի: Այս համատեքստում «Հայաստան» հիմնադրամն առնվազն պետք է բարեփոխվի, եթե օրակարգային չդառնա այն փակելու հարցը: Էլ չեմ խոսում բացառապես Հրանուշ Հակոբյանի ամբիցիաների բավարարման համար ստեղծված Սփյուռքի նախարարության մասին, որն այդպես էլ չդարձավ սփյուռքը մայր հայրենիքին կապող օղակ, ավելին՝ ընդլայնեց հակասությունների շրջանակը: Սփյուռքը միանշանակ պետք է պահանջի ՝ երկրի անվտանգությանը և զարգացմանը վերաբերվող հարցերում կարծիք արտահայտելու և լսվելու իրավունքը: Դա միանշանակ նոր բովանդակություն կհաղորդի Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, կխթանի դրանց գործընկերային բնույթը:

 

Ստելլա Խաչատրյան