Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանում մասնակցեցին ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ նիստերին:

Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստան կատարած այցն ուշագրավ է այն առումով, թե ինչ զարգացումներ կարող են ծավալվել կուլիսներում, արդեն Հայաստանի ներքաղաքական կյանքին առնչվող: Իսկ ավելի կոնկրետ՝ արդյո՞ք Կարեն Կարապետյանին հաջողվել է ռուսաստանյան այցի ընթացքում ճշգրտել իր քաղաքական ապագան ու հնարավորությունները Հայաստանի ներիշխանական դիմակայությունում, 2018-ին ընդառաջ նոր ստատուս-քվոյի համար պայքարում: Առնվազն այնքանով, որքանով այդ հարցում իհարկե կարևոր նշանակություն ունի Ռուսաստանը: Անշուշտ, այս առումով կասկածից վեր է, որ Կարապետյանի ռուսաստանյան այցը որևէ պատասխան չտվեց: Ռուսաստանն ինքն այսօր չունի շատ հարցերի պատասխաններ: Խնդիրը սակայն այն է, որ Կարեն Կարապետյանի հայաստանյան գործունեությունն այսպես ասած վճռական փուլ մտավ Մոսկվա կատարած այցից հետո՝ ընթացիկ տարվա հունվարին:

Դա իհարկե պաշտոնական այց էր, դրանից բխող արարողակարգային ճոխությամբ: Միաժամանակ՝ հենց այդ այցի ընթացքում էլ եղավ ռուսաստանցի գործարարների հայտնի հայտարարությունը, որից երկու ամիս անց նախընտրական շրջանում հայտարարվեց նաև Հայաստանի ներդրողների ակումբի ստեղծման մասին: Սակայն Մոսկվայի այդ այցից հետո թևավորված Կարեն Կարապետյանն այս պահին գտնվում է մի իրավիճակում, երբ ակնհայտ է, որ նրա արագությունը, մեղմ ասած, բավարար չէ օդ բարձրանալու, այլ կերպ ասած՝ վարչապետի պաշտոնում մնալու, և, առավել ևս՝ իշխանության մեջ առաջին դերակատար դառնալու համար: Այդ տեսանկյունից ռուսաստանյան այցի պարագայում խնդիրն այն է, թե արդյո՞ք Կարապետյանին հաջողվել է մի փոքր արագություն ավելացնել այդ այցի օգնությամբ: Փաստը մնում է փաստ,, որ 2018-ի համար պայքարում Կարապետյանի ակնկալիքը կարող է լինել միայն արտաքին աջակցությունը, ընդ որում՝ ոչ միայն Մոսկվայից, այլ նաև արևմտյան կենտրոններից: Միևնույն ժամանակ, ողջ խնդիրը նրանում է, թե արդո՞ք Կարապետյանը ձգտում է իսկապես ստանալ այդ աջակցությունը, թե՞ նա իրականում միանգամայն գիտակցված կերպով ներգրավվել է Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու նրա ծրագրերում և ընդամենն այդ ծրագրի «գաղափարական առանցքի»՝ Սերժ Սարգսյանի «այլընտրանք չունենալու» բաղադրիչներից մեկն է: Նա ձգտելու է արտաքին կենտրոններին համոզել, որ այլընտրա՞նք է Սարգսյանին, թե՞ որ Սարգսյանն իսկապես այլընտրանք չունի:

Կարապետյանի նշանակումից ի վեր Հայաստանում բազմաթիվ են եղել կարծիքները, որ այդ նշանակումը թելադրվել է հենց Մոսկվայից: Իհարկե, պաշտոնական մակարդակում այն հերքվում է, մյուս կողմից հստակ է նաեւ, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չստացավ Մոսկվայի հավանությունը: Սակայն, եթե Մոսկվան մտադիր էր փոխել նրան եւ նշանակել Կարապետյանին, ապա թերեւս դա նախապատրաստելու համար կդժգոհեր Հայաստանում առկա վիճակից: Մինչդեռ Ռուսաստանն, ընդհուպ նախագահի մակարդակում, հայտարարեց, որ Հայաստանն ունի ՀՆԱ-ի 10 տոկոս աճ: Հազիվ թե վարչապետի փոփոխություն նախապատրաստող Մոսկվան այդքան բարձր գնահատեր Հայաստանի տնտեսության վիճակը: Միեւնույն ժամանակ, աներկբա է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում քաղաքական հեռանկարները, հատկապես, եթե խոսքը վերաբերում է արդեն խորհրդարանական կառավարման մոդելին, զգալիորեն պայմանավորված են աշխարհաքաղաքական, ուժային կենտրոնների վերաբերմունքից եւ գնահատականից:

 

Ստելլա Խաչատրյան