Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն Ազգային ժողով էր բերել իր բնորոշմամբ՝ հրատապ հարցերի վերաբերյալ փոփոխությունների նախագծեր՝ նշելով, որ դրանց ընդունումը շատ կարևոր է:

Հովհաննիսյանի այս դիտարկմանը չհամաձայնեց ԵԼՔ դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ օրենքներն այս հրատապությամբ պետք չէ բերել ԱԺ և իրականացնել կայծակնային քվեարկություն:

Պատգամավոր էդմոն Մարուքյանն էլ նման արագ քննարկումները անհարգալից վերաբերմունք համարեց խորհրդարանում նստած պատգամավորների նկատմամբ, ուստի՝ առաջարկեց  ամբողջ խորհրդարանին՝ դեմ քվեարկել այս արագությամբ օրենքները քննարկելու տենդենցին:

ԵԼՔ դաշինքի պատգամավորների այս տեսակետին հակադրվեց  ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա պատգամավոր գործընկերների՝ Նիկոլ Փաշինյանի և էդմոն Մարուքյանի բացասական արձագանքներին ի պատասխան՝ նշեց, որ օրենսդրական այս նախաձեռնության քննարկման ժամանակացույցը սահմանված է օրենքով, և ԱԺ բերված բոլոր նախագծերն էլ հրատապ ընդունելիության անհրաժեշտություն ունեն, որոնցից մեկն, օրինակ, վերաբերում է կրթաթոշակների տրամադրման կարգին: 

Արփինե Հովհաննիսյանի այս դիտարկմանն ի պատասխան էլ՝  Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ  ԱԺ ընթացակարգը լի է խախտումներով, հետևաբար՝ իրենք, փաստորեն, մշտապես այս հարցի շուրջ բախումներ են ունենալու միմյանց հետ: 

«ԱԺ այս կանոնակարգը լի է հակասություններով և անտրամաբանական կետերով, ուստի մեզ համար սա լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու»,-ասաց Փաշինյանը: