«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ չկա աշխատանքի նկարագիր, թե ինչ է նշանակում աշխատել որպես նախարար և ինչ է նշանակում աշխատել որպես ղեկավար: Ձեր խոսքով՝ այդ բառը կարող ենք պահպանել, կամ՝ ոչ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դա ընդամենը մի հատ բառ է, որը կարելի է ինչ-որ պահի ավելացնել, եթե անհրաժեշտ է, կամ՝ հանել: Ես ուզում եմ հասկանալ՝ չկա՞ արդյոք ղեկավարի և նախարարի աշխատանքային գործառույթների տարբերություն և ի՞նչ է նշանակում դա ուղղակի հանել՝ որ պահին հարմար է»,- այս մասին այսօր Աժ-ի նիստում ասաց ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ խոսելով այն մասին, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը կրճատելուց հետո կառավարության աշխատակազմի ղեկավար հայեցողական պաշտոնի գործառույթները, վարձատրությունը չեն փոխվի:

 

Թանդիլյանը հարց բարձրացրեց. «Ես ուզում եմ հասկանալ. նախարար բառը այդքան թա՞նկ է նստում մեր բյուջեի վրա.  դրա պատճառով շղթայական ռեակցիայով բարձրացնում ենք մի շարք այլ աշխատավարձեր»:


Նա ընդգծեց՝ ամեն հարմար ու անհարմար առիթով ասում են՝ պետբյուջեում փող չկա, բայց երբ գալիս է նման փոփոխություն կատարելու պահը՝ ասում են՝ էական չէ. «Սա անընդհատ տեղի է ունենում: Նախարար և ղեկավար: Ո՞վ է նախարարը և ո՞վ է ղեկավարը, և ինչպես է հնարավոր կամայական հանել կամ ավելացնել»:


«Կառավարության աշխատակազմի ղեկավարը չպետք է ստանա այլ նախարարների աշխատավարձի չափ աշխատավարձ: Չեմ հասկանում, թե ինչու ենք աշխատավարձերի սանդղակը այս կերպով փոփոխության ենթարկում: Սա Պանդորայի արկղի բացում է: Հիմա բոլորը պետք է ասեն՝ բա եթե աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը խորհրդականի աշխատավարձի չափ է, բա ինչո՞ւ մնացածինն այդպես չէ»,- քննարկման ընթացքում ասաց Էդմոն Մարուքյանը:

 

Պատգամավորը հիշեցրեց, որ ժամանակին օրենք են ընդունել այն մասին, որ մարզպետն, օրինակ, չպետք է առաջնային մանդատ ունեցող պաշտոնյայի՝ պատգամավորի չափ աշխատավարձ ստանա, իսկ հիմա կառավարության աշխատակազմի ղեկավարն է ստանում այդքան: