Մայիսի 29-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել անասնապահական ֆերմաների, սպանդանոցների և ձկնաբուծարանների ներկայացուցիչները՝ ՀՀ կառավարության մայիսի 25-ի նիստում հաստատված՝ լիազոր մարմնի կողմից անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ ստուգումների իրականացման ստուգաթերթերի պահանջները ներկայացնելու նպատակով:
Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը տեղեկացրել է, որ անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով և հավաստիացրել, որ այն բխում է նախ և առաջ տնտեսավարողների շահերից՝ նախապես սահմանելով ստուգման շրջանակը և նվազագույնի հասցնելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:
«Սա նշանակում է ռեսուրսների խնայողություն, ենթադրում է անասնաբուժության բնագավառում ստուգումների արդյունավետության բարելավում, նպաստում է պետական վերահսկողության գործողությունների միասնականությանը, պարզեցմանը, թափանցիկությանը և արդյունավետությանը»,- պարզաբանել է պարոն Մկրտչյանը:
DSC_2960ՍԱՊԾ ռիսկերի կառավարման վարչության պետ Հասմիկ Թումոյանը տնտեսավարողներին տեղեկացրել է, որ ստուգաթերթը պարունակում է թե տեղեկատվական, թե վերահսկողական բնույթի հարցեր, որոնք առավելագույնս հստակեցնում են տեսուչի և տնտեսավարողի հարաբերությունները և թույլ են տալիս նախապես խուսափել անհամապատասխանություններից: Ստուգաթերթերի միջոցով ստուգումների իրականացման նորմատիվային պահանջների ապահովումը նաև հիմք է ռիսկերի գնահատմանն ուղղված անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծման համար:
DSC_2967ՍԱՊԾ պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել տրամադրել խորհրդատվություն և հնարավոր աջակցություն ստուգաթերթով նախատեսված ցանկացած իրավական-նորմատիվային փաստաթղթի և դրա պահանջների վերաբերյալ, պատասխանել տնտեսավարողների հարցերին:
Ստուգաթերթերի հիման վրա ստուգումները կիրառվում են պատշաճ հիգիենիկ և արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ, HACCP) համակարգ չներդրած տնտեսավարող սուբեկտների դեպքում: