Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ևս չորս նախարարների վերանշանակելու մասին: Նախագահի հրամանագրերով՝ Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Արմեն Ամիրյանը՝ ՀՀ մշակույթի նախարար, Լևոն Ալթունյանը՝ ՀՀ առողջապահության նախարար։

Այսպիսով՝ 18 նախարարական պորտֆելներից 14-ն արդեն նշանակված են, դեռևս չեն հրապարակվել աշխատանքի և սոցիալական հարցերի, բնապահպանության, կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման նախարարների անունները: Գործող կառավարության վերարտադրությունը որքանով է «նոր կառավարություն» անվանելը ազնիվ՝ մտորելու մեկ այլ առիթ է: Կառավարության ձեւավորման գործընթացը, գոնե առայժմ՝ տեղի է ունենում Կարապետյանի քիմքին հարիր: Ինչպես հայտնի է՝ վարչապետ- ՀՅԴ նախարարներ հարաբերությունները լարված են, եւ դաշնակցական երեք նախարարների գոնե մինչեւ հիմա չվերանշանակումը մեկ անգամ եւս փաստում է առկա լարվածության մասին: Հակառակ դեպքում՝ ինչպես մեկնաբանել փաստը, որ սեւով սպիտակի վրա գրված ՀՅԴ- ՀՀԿ համագործակցության հուշագրի կյանքի կոչումն ուշանում է: Սերժ Սարգսյանն իր առջեւ խնդիր է դրել մինչեւ 2018 թվականը (իր պաշտոնավարման ժամկետի ավարտը) հաճոյանալ Կարապետյանին, առավել եւս, որ Կարապետյանի իմիջով կարողացան սահուն վերարտադրվել:

Կառավարությունը բնույթով գուցե ժամանակավոր է, սակայն Կարեն Կարապետյանի համար այն չի կարող ժամանակավոր լինել։ Այս մեկ տարին նրա համար բավական լուրջ նշանակություն ունի, քանի որ 2018-ի ապրիլի շեմին, երբ նստեն-որոշեն, թե ով է լինելու հանրապետության թիվ մեկ պաշտոնյան, առաջին հերթին դիտարկելու են կառավարության գործունեության արդյունքները։ Անկախ նրանից՝ Կարեն Կարապետյանն այս ընթացքում քաղաքական բնույթի ելույթներ ունենալու է, թե ոչ, կմասնակցի ներիշխանական ինտրիգներին, էլիտայի ծնունդ-կնունքներին, թե ոչ, եթե նա չկարողանա իր գլխավոր խնդիրը լուծել՝ բեկում մտցնել տնտեսության մեջ, ապա նրա հնարավորությունները զրոյական կդառնան։ Այդ պատճառով՝ գործող վարչապետն այս պահի դրությամբ կարծես թե կենտրոնացել է ոչ թե քաղաքական գնահատականների կամ ելույթների, և, առավել ևս՝ այն բանի վրա, թե ինչ են նրա՝ որպես քաղաքական գործչի ընդունակությունների մասին խոսում քաղաքական և լրատվական դաշտում, այլ տնտեսական բարեփոխումների վրա՝ հասկանալով, որ դա է իր գլխավոր առաքելությունը և հնարավոր հաղթաթուղթը։ Այնպես որ՝ առաջիկայում նշանակվելիք կառավարությունը նրա համար իր էությամբ ոչ թե ժամանակավոր, այլ հիմնական կառավարություն է։ Եվ ընդհանրապես, առանձնահատուկ իրավիճակ է, քանի որ Կարեն Կարապետյանը շատ կարճ ժամանակահատվածում երեք անգամ նշանակվում է վարչապետ և կառավարության ծրագիր ներկայացնում՝ 2016-ին, 2017-ին և 2018-ին, եթե իհարկե, ամեն ինչ նրա համար նորմալ ընթանա։

Ստելլա Խաչատրյան