ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

 

Ուղերձում ասվում է.

 

«Հունիսի 1-ը, որպես երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր, նշվում է 1950 թվականից: Այդ պաշտպանությունը արդյունավետ և խորքային դարձնելու համար աշխարհում բազմաթիվ կարևոր փաստաթղթեր են ստորագրվել. 1959թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Երեխաների իրավունքների հռչակագիրը, 1989 թ.՝ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Փաստաթղթերն ստորագրած պետությունները պարտավորվել են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար երեխայի պաշտպանությունը խտրականության բոլոր ձևերից:

 

2016 թվականին Հայաստանում ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը: Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին արտոնում էիրականացնել «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Անցյալ տարվանից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: Իրականացվում են պարբերական և ըստ անհրաժեշտության այցեր երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ և հանրակրթական ուսումնական հաստատություններ: Երեխաների իրավունքների պաշտպանությունը, հաշմանդամության խնդիրները, բռնության և թրաֆիքինգի դեպքերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են:

 

Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր օրենքների հիմքում երեխայի լավագույն շահն է, իսկ երեխայի իրավունքներից կարևորը ընտանիք ունենալու, ընտանիքում ապրելու իրավունքն է: Պետության պարտականությունն է բոլոր դեպքերում ապահովել երեխայի լավագույն շահը և ստեղծել պայմաններ, որ երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում:

 

Սիրելի երեխաներ, շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի կապակցությամբ և մաղթում եմ անհոգ մանկություն, երջանիկ ընտանիք և խաղաղ հայրենիք»: