Առաջին ռոբոտ-ոստիկանը, որն ավելի վաղ ներառվել էր Դուբայի ոստիկանության կազմում, սկսել է պարեկել քաղաք-Էմիրության փողոցները: Այդ մասի հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ռոբոտն աշխատանքի է ձեռնամուխ եղել աշխարհում ամենաբարձր կառույցի՝ Բուրջ Խալիֆի մերձակայքում՝ գրավելով բնակիչների եւ զբոսաշրջիկների ուշադրությունը: «Ռոբոտ-ոստիկանը» կրում է ոստիկանական գլխարկ, տեղաշարժվում է անիվների վրա եւ ծառայության համար օգտագործում է սենսորային էկրան: Այն նաեւ հանդերձված է ոստիկանական տեղամաս տեսանյութեր ուղարկելու եւ հնարավոր կասկածյալներին նույնականացնելու խցիկով:

Առաջին ռոբոտ-ոստիկանը ծառայությունը կկատարի առավելապես տուրիստական վայրերում: Ինչպես հայտարարել են ոստիկանությունում, մինչեւ 2030 թվականը ռոբոտների թիվը պլանավորվում է ավելացնել մինչեւ աշխատակիցների կազմի 25 տոկոսը:

Ռոբոտի հասակը 170 սանտիմետր է, քաշը՝ 100 կիլոգրամ: Այլ բաների թվում նա հանդերձված է «հույզերի դետեկտորով», որը մինչեւ 1,5 մետր տարածության վրա ճանաչում է ձեռքերով արվող ժեստերն ու ազդանշանները: «Ռոբոտ-ոստիկանը» ճանաչում է զրուցակցի հույզերը եւ դեմքի արտահայտությունը, կարող է տեղանքում կողմնորոշվել ներսարված նավիգատորի շնորհիվ, շփվել վեց լեզուներով, ներառյալ անգլերենը եւ արաբերենը, եւ բնակիչներին հնարավորություն ընձեռել իր միջոցով վճարել ոստիկանության ծառայությունների դիմաց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: