Semur & Co ընկերությունը, որը համարվում է Հայաստանի շինանյութերի արտադրության արդյունաբերության ոլորտի ամենախոշոր ձեռնարկություններից մեկը, հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի Թումանյանի այգում իսկական տոն էր կազմակերպել փոքրիկների համար։ Հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ «Հուսալի և ամուր տանիք ապագա սերունդներին», Semur & Co ընկերությունը մշտապես մեր մանուկների կողքին է: Այս անգամ ընկերությունը երեխաների պաշտպանության միջազգային օրը նախաձեռնել է մանկական միջոցառում՝ «Մեկ տանիքի տակ» նկարչական մրցույթը բոլոր այն փոքրիկների համար, ովքեր սիրում են նկարել: 

Միջոցառման ժամանակ մասնակիցներին բաժանվեցին հատուկ ստվարաթղթեր ու նկարչական պարագաներ՝ տնակ նկարելու համար: Երեխաները մեծ ոգևորությամբ էին կատարում առաջադրանքը՝ նշելով, որ ամենևին էլ հաղթանակը չէ կարևորը, այլ՝ մասնակցությունն ու անցկացրած հիանալի ժամանակը։

Մրցույթի մասնակիցներից Խաչիկը նշեց, որ շատ ուրախ է մրցույթին մասնակցելու և նվեր ստանլաու համար։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գիտի Semur & Co ընկերության մասին, որը նման միջոցառում է կազմակերպել, Խաչիկը պատասխանեց․

«Շնորհակալություն եմ հայտնում ընկերությանը՝ մեր օրը տոն դարձնելու և հեքիաթի վերածելու համար։ Ինչպես մայրիկս ասաց՝ այս ընկերության շնորհիվ մենք կարող ենք ունենալ ամուր տնակ և ես հենց այդպիսի ամուր տնակ էլ նկարել եմ»,- ասաց նա։

Փոքրիկ Արմինեն ասաց, որ նկարել է մատնաչափիկին, ում փոքրիկ տնակը գտնվում է հեքիաթային աշխարհում։

Վահեն ոգևորված նկարում էր երկու միմյանց կպած տնակներ․ «Մեկը հարուստի տուն է, մյուսը՝ աղքատի։ Հարուստի տունը տանիք ունի, իսկ աղքատինը՝ չունի»,- ահա այսպես նա բնորոշեց իր նկարը։

Այնուհետև փոքրիկների նկարները փակցվեցին ցուցադրական պարանին, որից հետո կազմակերպվեց քվեարկություն, և հենց մրցույթի մասնակից երեխաներն իրենք ընտրեցին մրցույթի հաղթողին: Հաղթող երեք մասնակիցներին Semur & Co ընկերությունը հանձնեց մրցանակներ, իսկ մյուսներին՝ խրախուսական նվերներ:

Լավագույնին արժանացած Գոռն էլ՝ նախ շնորհավորեց երեխաներին՝ մանուկների օրվա առթիվ, ապա շնորհակալություն հայտնեց Semur & Co-ին․ «Շնորհակալություն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին՝ մեզ այսպիսի օր պարգևելու և նման մրցանակի արժանացնելու համար։ Կարծում եմ՝ բոլոր երեխաներն էլ շատ գեղեցիկ էին նկարել»,- ասաց նա։

Նշենք, որ Գոռը պատկերել էր փայտե տնակ․ «Ես որոշեցի փայտից տնակ նկարել, քանի որ դրանք ինձ շատ են դուր գալիս։ Դրանք մի տեսակ պրակտիկ, հարմարավետ, փոքր, համեստ տնակներ են։ Շատ կցանկանայի, որ Հայաստանում փայտից տնակներ լինեին, կարծում եմ՝ դրանք ապահով են»,- ասաց մրցույթի հաղթողը։

Մանուկների տոնն այս անգամ ավելի գունավոր էր՝ Semur & Co-ի հետ միասին: Միջոցառման ընթացքում երգերի ներքո անցկացվեցին տարատեսակ խաղեր, փոքրիկների ոգևորությունն  ու ուրախությունն ակնհայտ էր։