Հանրահայտ շանսոնյե, գրող, դերասան Շառլ Ազնավուրին նվիրված «Քեզ համար Ազնավուր» խորագրով համերգային ծրագիրը տեղի ունեցավ հունիսի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Էստրադային և օպերային երգիչների կատարմամբ հնչեցին մեծն Ազնավուրի հայտնի ստեղծագործությունները:

«Համերգային ծրագիրը բացառիկ է, քանի որ Ազնավուրի երգերը կատարվելու են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Կարծում եմ՝ երգերի գործիքավորումները հրաշալի են արված: Հուսամ, որ երաժշտասերները կհավանեն համերգը, այն կդառնա մեր մշակութային կյանքի կարևոր մասը, և մենք կկարողանանք ծրագիրը ներկայացնել նաև արտերկրում»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ծրագրի կազմակերպման և իրականացման գործում իր ներդրումը ունեցած երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն ասաց, որ համերգի համար ընտրվել է «Քեզ համար Ազնավուր» խորագիրը, ելնելով այն հանգամանքից, որ Ազնավուրն ունի հանրահայտ «Քեզ համար Հայաստան» երգը:

«Հատուկ համերգի համար նկարահանվել են բազմաթիվ կադրեր Ֆրանսիայում. այդ կադրերը կհարստացնեն ու ավելի հետաքրքիր կդարձնեն երաժշտական երեկոն: Շատ կցանկանամ, որ ամեն տարի շանսոնյեի ծննդյան օրը նման միջոցառում կազմակերպվի, որի հասույթի մի մասը կօգտագործվի բարեգործական նպատակներով»,- ընդգծեց նա:

Համերգային ծրագրում ելույթ ունեցան Սոնա Ռուբենյանը, Անդրեն, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Հայկ Տիգրանյանը, Սարգիս Աղամալյանը, Գևորգ Հակոբյանը և այլք:

Վերջում բոլոր մասնակիցները կատարեցին «Քեզ համար Հայաստան» երգը:

Համերգին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Շառլ Ազնավուրը, որին հանդիսատեսը հոտնկայս ու բուռն ծափողջյուններով ողջունեց:

Շառլ Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:

Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:

Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 -ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ: