Կառավարության երեկվա նիստին գյուղնախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը:

 

Այդ ծրագրի համաձայն, հատկացվում է 171 մլն 500 հազար դրամ: Այն կտրամադրվի «Մաքսհուր» ընկերությանը՝ մինչև 5 մլն լիտր դիզելային վառելիքի մատակարարումները (1 լիտրը 314.3 դրամ արժեքով, որից սուբսիդավորման ենթակա գումարը 1 լիտրի համար՝ 34.3 դրամ) կազմակերպելու համար: Իհարկե, սա շատ ողջունելի կլիներ, եթե չլիներ մեկ բայց…Իգնատի Առաքելյանը փոքր ինչ ուշացել է, քանի որ գյուղացին դիզվառելիքի կարիք ուներ գարնան ամիսներին, այլ ոչ թե հունիսի մեկին: «Լավ է, որ որոշումն ընդունվեց, բայց գարնանային աշխատանքներին չհասցրեցինք»,- դիմելով գյուղնախարար Իգնատի Առաքելյանին՝ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Այո, եւ իրոք ուշացանք»,- արձագանքեց Առաքելյանը: «Լավ չենք արել: Հետևեք և առավելագույնս խնդիրը կարգավորեք»,- նշեց Կարեն Կարապետյանը:

 

Ուշագրավ է, որ վառելիքի սուբսիդիան տարիներ շարունակ տրվում էր «Ֆլեշ» ընկերությանը, այն էլ՝ առանց մրցույթի: Այս տարի առաջին անգամ մրցույթ է հայտարարվել, որը Armeps համակարգի միջոցով կայացել է ապրիլի 14–ին: Շրջանակային համաձայնագրով՝ գնման ընթացակարգի շրջանակներում գնային առաջարկ են ներկայացրել «Ֆլեշ» ՍՊԸ–ն և «Մաքսհուր» ՍՊԸ–ն: 1 լիտրի դիմաց «Ֆլեշ» ՍՊԸ–ն առաջարկել է 320 դրամ, իսկ «Մաքսհուրը»՝ 316,9 դրամ: Այնուհետև գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպել է բանակցություններ՝ վերոնշյալ 2 կազմակերպությունների հետ` դիզելային վառելիքի մատակարարման նվազագույն շահավետ գին որոշելու համար, որի արդյունքում «Ֆլեշ» ՍՊԸ–ն առաջարկել է 314 դրամ, իսկ «Մաքսհուրը»՝ 314,3 դրամ: Սակայն հետագայում, հավանաբար, Մաքսհուրն ավելի ցածր գին է ասել և արդյունքում սուբսիդիան տրվել է նրան: Ենթադրաբար, այս ընթացքում շահերի բախումով պայմանավորված, եղել է քաշքշուկ, գործընթացը երկարել է, այս ընթացքում ավարտվել է նաև գարնանացանը:


Մինչդեռ ուշացման պատճառն, ըստ նախարարի, այն է, որ սկզբում մտածում էին ծրագիրը չիրականացնել, հետո որոշել են՝ կատարել: Փաստորեն, նախարարությունում խորը տվայտանքների մեջ էին, մինչ գյուղացու աչքը այդքան սպասված դիզվառելիքին սպասելուց ջուր էր կտրում: Դա էլ դեռ քիչ էր, անցյալ տարվա համեմատ՝ հանրապետություն հինգ անգամ պակաս դիզվառելիք է մտել: Իգնատի Առաքելյանի ուշացումը նման է նրան, որ անձրևից հետո մարդկանց անձրևանոց բաժանես: Նախարարի և նրա ղեկավարած կառույցի անփույթ աշխատանքի արդյունքում է, որ աշնանը գյուղմթերքի շուկայում ունենալու են անչափ «գեղեցիկ» գնագոյացումներ:


Ստելլա Խաչատրյան