«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց մամուլում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե իրենց կենտրոնից դեսպանատները ցանկացել են ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքած ուսուցիչների ցուցակները՝ նրանց այլ երկրների մուտքի վիզա չտրամադրելու համար:

«Այդ ցուցակները վաղուց մեր կայքում հրապարակված են, դրանք բազմիցս հրապարակել են տարբեր լրատվական կայքեր, հետևաբար, եթե ցանկանում են այդ ցուցակներին ծանոթանալ, կարիք չկա զանգել և խնդրել այն տրամադրել: Իսկ ինչ վերաբերում է դեսպանատներից հատուկ զանգել-հարցնելուն, ապա պետք է հերքեմ մամուլում հայտնված այդ տեղեկատվությունը: Մեր կենտրոն և ինձ՝ անձնապես որևէ դեսպանատնից նման հարցով երբևէ չեն դիմել»,-նշեց նա: 

Հիշեցնենք, որ այսօր մամուլում հայտնվել էր հրապարակում այն մասին, որ ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրելու սկանդալը շատ թանկ է նստել դպրոցների և մանկապարտեզների տնօրենների վրա և ՀՀ-ում օտարերկրյա մի քանի պետությունների դեսպանատներ այդ սկանդալը բացահայտած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ից խնդրել են իրենց տրամադրել դպրոցի և մանկապարտեզների տնօ­րենների անունների ամբողջական ցանկը: Կազմակերպությունն էլ, բնականաբար, տրամադրել է հետաքրքրող տեղեկությունը: 

Աղավնի Սուքիասյան