Կարևոր չէ՝ ինչ հավաքականի դեմ ենք խաղում. եթե դաշտ ենք դուրս գալիս, ամպայման ձգտելու ենք հաղթանակի: Այս մասին լրագողների հետ զրույցում Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի դեմ խաղից առաջ ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:

«Նախնական պայմանավորվածություններ ունեինք մի քանի ուժեղ հավաքականների հետ, սակայն չստացվեց: Հետո մրցակիցը մեզ հարցում ուղարկեց, մենք էլ մեր համաձայնությունը տվեցինք, որովհետև կարճ ժամանակ է մնացել մինչև Մոնտենեգրոյի դեմ խաղը և մեզ մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ էր ընկերական խաղ: Տղաներից մի քանիսը առաջնությունը շուտ էին վերջացրել ու խաղային պրակտիկա երկար ժամանակ  չէին ունենա: Այդ առումով՝ սա մեզ համար շատ կարևոր հանդիպում է:

Տղաները լավ տրամադրվածությամբ կմտնեն դաշտ և կխաղան իրենց ֆուտբոլը: Կարևոր չէ՝ ում հետ են խաղում, կարևորը՝ լավ խաղ ցույց տան: Մրցակիցը շատ չոր և ագրեսիվ թիմ է, բայց ոչ կոպիտ, դրա համար՝ մտավախություն չկա»:

Անդրադառնալով հավաքականի կազմին, մարզիչն ասաց.

«Իհա՛րկե, փորձարկումներ կինեն: Մի բան հաստատ կարող եմ ասել, որը վաղն այն կազմը չի լինի, որը խաղալու է Մոնտենեգրոյի հետ: Փորձարկելու ենք այն ֆուտբոլիստներին, ովքեր հրավիրվել են և խաղաժամանակ չեն ստացել: Բայց իհարկե կպատրաստվենք Մորտենեգրոյի հետ խաղին:

Լուծվելիք խնդիրներն են` մեր խաղային որակի բարձրացումը, նաև՝ հոգեբանական առումով: Եթե դաշտ ենք դուրս գալիս ամպայման ձգտելու ենք հաղթանակի, ինչպես նաև տակտիկական հարցն ենք լուծելու»:

Խոսելով այն մասին, թե արդյոք հավաքականը արդարացնո՞ւմ է սպասելիքները, մարզիչն ասաց.

«Թիմը ցուցադրել է այն, ինչ ուզում ու սպասում եմ, բայց ոչ այն չափով, որը կուզենայի, և մենք դեռ ճանապարհի սկզբին ենք: Մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, եթե շարունակենք, անպայման կհասնենք այն մակարդակին, որին ցանկանում եմ»:

Այն հարցին, թե արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանին կտեսնենք խաղադաշտում, Պետրոսյանը պատասխանեց.

«Մանչեսթերից մարդիկ են եկել, ովքեր Հենրիխի մասին ֆլիմ են նկարում: Նրանք էլ նույն հարցը տվեցին: Հենրիխն անպայման կլինի դաշտում, բայց թե որքան ժամանակ, դեռ չգիտեմ»:

 Դավիթ Յուրչենկոյի մասին խոսելիս, մարզիչն ասաց.

«Յուրչենկոյի չգալով՝ խնդիր չի ավելանում: Ինքը հայտարարեց՝ մենք հրավեր չենք ուղարկել, մենք ուղարկեցինք հրավերը: Ես վստահեցնում եմ, որ մեր հավաքականի բաժնի աշխատողներն անընդհատ կապվել են իր հետ: Մենք ունենք Արսեն Բեգլարյան, ով իրեն լավ է դրսևորել»:

Կասպարովին հավաքական չհրավիրելու մասին՝ մարզիչն ասաց.

««Ալաշկերտ»-ում հիմնական դարպասապահը Արսեն Բեգլարյանն է, Կասպարովը երկրորդն է, ով քիչ խաղային պրատիկա ունի: Մարդկային ոչ մի խնդիր չունենք նրա հետ, բայց նա 35 տարեկան է և ես նպատակահարմար եմ գտնում, որ ավելի երիտասարդ դարպասապահ լինի:

«Փյունիկ»-ի հետ խաղից հետո երեք անուն էր նշվում՝ Այվազով, Դարբինյան, Բիչախչյան: Այվազովն այդ խաղին չի էլ մասնակցել: Բիչախչյանը 22 խաղի է մասնակցել, որից 4-ը՝ հիմնական կազմում: Նա շատ հեռանկարային ֆուտբոլիստ է: Մարզիչները շատ ճիշտ մարտավարություն են ընտրել, որպեսզի նա ավելի լավ զարգանա: Նա տաղանդավոր խաղացող է: Եթե կան ուժեղ ֆուտբոլիստներ, կխաղան, ինձ համար տարբեություն չկա: Ինձ համար առաջնային է, որ խաղան նրանք, ովքեր ուժեղ են»: 

Այն հարցին, թե Չեմպիոնների լիգայի եզրափակչում ով կհաղթի, մարզիչն ասաց.

«Տարբերություն չկա. ով ուժեղ է, թող նա էլ հաղթի: Բայց կարծում եմ՝ կհաղթի «Ռեալ»-ը:

Այն դիտարկմանը, որ խաղը ուշ է լինելու, թողնելո՞ւ է ֆուտբոլիստներին՝ դիտել այն, մարզչն ասաց.

«Մեծ տղաներ են, սխալ կլինի արգելել (ծիծաղում է): Մինչև առավոտ ժամանակ կունենան քնելու»:

 Մարզիչը հավելեց նաև, որ արտերկրում խաղացող երկու հարձակվողի հետ բանակցություններ են վարում: