ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամների կողմից քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են խնամքի կարիք ունեցող՝ ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության, նրանց պատշաճ խնամքի կազմակերպման, դրա ոչ բավարար լինելու հետ կապված խնդիրներ:

 

Ըստ այս զեկույցի՝  պաշտպանը բարձրացրել է ազատությունից զրկված անձանց խնամքն անհրաժեշտ ծավալով չկազմակերպելու հարցը: ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումների համաձայն` Քրեակատարողական վարչության պետն ընդունել է հրաման, ըստ որի՝ ազատությունից զրկված անձի խնամքը կազմակերպելու նպատակով համապատասխան քրեակատարողական հիմնարկ, երկամսյա ժամկետով, գործուղվել է սանիտար:

 

Այնուհանդերձ, ազատությունից զրկված անձանց անհրաժեշտ ծավալով խնամքի կազմակերպմանը վերաբերող ոչ բոլոր բողոքներն են ստացել պատշաճ լուծում:
Այսպես, ազատությունից զրկված մեկ այլ անձ Պաշտպանին ներկայացված բողոքով հայտնել էր, որ ինքն իր վերջույթներն ինքնուրույն չի կարողանում փաթաթել էլաստիկ բինտով: Վերջինիս պնդմամբ՝ քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմը որևէ խնամք չի իրականացրել և իրեն խցում չի այցելել: Վերջինս նշել է, որ փաթաթումն իրականացրել է խցակիցների օգնությամբ, իսկ բժշկական ծառայությունից օգտվելու համար ստիպված է եղել ինքն այցելել բժշկական սպասարկման բաժին, չնայած որ իրեն խորհուրդ չէր տրվել քայլել առանց էլաստիկ բինտ կրելու:


Նշված բողոքի քննարկման արդյունքում Պաշտպանն ընդունել է Մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում` առաջարկելով բողոքը ներկայացրած անձին անհապաղ տեղափոխել քաղաքացիական առողջապահական հաստատություն և այդպիսի հաստատությունում կազմակերպել նրա անհրաժեշտ խնամքը, ինչպես նաև վերը նկարագրված պայմաններում բացառել խնամքի իրականացումն ազատությունից զրկված այլ անձի կողմից: Մինչդեռ, հարկ է նշել, որ կոնկրետ դեպքում անձի պատշաճ խնամքն ապահովելու ուղղությամբ այդպես էլ բավարար միջոցներ չձեռնարկվեցին:

 

ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժասանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» թիվ 825-Ն որոշման մի շարք կետերի վերլուծությունը հստակ ցույց է տալիս, որ քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժնի (բաժանմունքի կամ խմբի) ստացիոնարը կամ բուժական ուղղիչ հիմնարկը պետք է ապահովեն խնամքի բավարար ծավալներ։ Դրանց ոչ բավարար լինելու դեպքում խնամքի կարիք ունեցող ազատությունից զրկված հիվանդ անձը պետք է փոխադրվի բուժական ուղղիչ հիմնարկ կամ այլ առողջապահական մարմինների բուժական հիմնարկներ:


Այլ կերպ, պետությունը պարտականություն է կրում ձեռնարկել այնպիսի անհրաժեշտ միջոցներ, որոնք ուղղված են ազատությունից զրկված անձի առողջության պահպանմանը, այդ թվում՝ ազատությունից զրկման վայրում պատշաճ խնամքի տրամադրմանը: Սա ենթադրում է նաև ազատությունից զրկման վայրում ոչ բավարար ծավալով խնամքի տրամադրման դեպքում այն քաղաքացիական բուժական հիմնարկում կազմակերպելու պետության պարտականությունը:

 

Ասվածը հիմնավորվում է Պաշտպանին հասցեագրված այդպիսի բողոքների քննարկման արդյունքում մարդու իրավունքների խախտման առկայության մասին որոշումների կայացմամբ: Այդ որոշումներում Մարդու իրավունքների պաշտպանը, ելնելով ոլորտի միջազգային իրավական պահանջներից, արձանագրել է, որ եթե բուժական ուղղիչ հիմնարկում տրամադրվող խնամքի ծավալներն անբավարար են, ապա այսպիսի դեպքերում ազատությունից զրկված անձինք պետք է տեղափոխվեն մասնագիտացված բուժական հիմնարկ. այս կանոնը բացառություն չպետք է ճանաչի:

 

Անդրադառնալով անձի խնամքը կազմակերպելու առկա պրակտիկայի իրավաչափության վերաբերյալ երկրորդ հարցադրմանը՝ հարկ է նկատի ունենալ, որ միջազգային հանրաճանաչ չափանիշներն արգելում են ազատությունից զրկված անձի խնամքը կազմակերպել ազատությունից զրկված մեկ այլ անձի կողմից: Պետությունը պարտավոր է ապահովել ազատությունից զրկված՝ հատուկ կարիքներ ունեցող անձանց մշտական խնամքը հատուկ պատրաստում ունեցող մասնագետների կողմից:



Պետությունը պարտավոր է պոզիտիվ պարտականության ուժով ապահովել հատուկ կարիքներ ունեցող ազատությունից զրկված անձանց մշտական խնամքը հատուկ պատրաստված մասնագետների կողմից: Նույնիսկ եթե այդ խնամքը կազմակերպվում է ազատությունից զրկված մեկ այլ անձի կողմից, ապա դա թույլատրելի է միայն այն դեպքում, երբ այդ անձն անցել է հատուկ պատրաստության դասընթացներ:


Այսպիսով, ասվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց խնամքն անհրաժեշտ ծավալներով ոչ միշտ է ապահովվում: Ավելին, մտահոգիչ է, որ խնամքի ոչ բավարար ծավալների պարագայում պետության կողմից չեն ձեռնարկվում բավարար այլընտրանքային միջոցառումներ` ապահովելու խնամքի կարիք ունեցող անձի տեղափոխումը մասնագիտացված բժշկական հաստատություն: Արդյունքում, ձևավորվել է ոչ իրավաչափ պրակտիկա, երբ անձի խնամքն ապահովվում է համապատասխան պատրաստվածություն չունեցող ազատությունից զրկված այլ անձի, օրինակ` խցակցի կողմից: