Շիրակի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-­ական Հովսեփ Սիմոնյանին առաջիկայում կփոխարինի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանը: 

 

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՅԴ վերնախավը Սիմոնյանից մի շարք դժգոհություններ է ունեցել` կապված ընտրություններում Շիրակի մարզում և հատկապես Գյումրիում «Դաշնակցության» գրանցած անբավարար ցուցանիշներից: Բացի այդ՝ մարզպետին չներվեց Գյումրու ավագանիում ՀՅԴ ներկայացված չլինելը:


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Հովսեփ Սիմոնյանի հետ, ով թեև պնդում է, որ իր կուսակիցները գոհ են իրենից և առանց պաշտոնի չեն թողնի, ավելին՝ այլ աշխատանք կտան, սակայն չցանկացավ փակագծերը բացել:

 

Պարոն Սիմոնյան, փաստորեն, Կուսակցության համար համապատասխան ձայներ չհավաքելը Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու հի՞մք դարձավ:


-Իմ առաջ նման խնդիր դրված չի եղել: Կուսակցությունն առաջին տեղն է վերցրել և նման խնդիր չի ունեցել: Իմ աշխատանքից կուսակցությունը գոհ է: 

 

Ա՞յլ պաշտոն եք զբաղեցնելու:


-Այո: Սակայն դեռևս չեն ներկայացրել՝ ինչ պաշտոնի մասին է խոսքը: Ինձ տեղափոխում են այլ աշխատանքի, պատճառը դա է, որ ես չեմ զբաղեցնելու մարզպետի պաշտոնը: 

 

Պարո՛ն Սիմոնյան, նոր մարզպետի հետ հարաբերություններն ինչպե՞ս են:


-Նորմալ: Փոխնախարար է եղել, աշխատանքի բերումով շփվել ենք: Նաև կուսակցական ընկեր է. ընկերական, պաշտոնական հարաբերություններ են եղել, նայած՝ որ դեպքում ոնց է եղել:

 

Ձեր կարծիքով՝ Արթուր Խաչատրյանը կկարողանա՞ բարդություններով լի մարզը ճահճից դուրս հանել:


-Իմ ցանկությունն է, որ կարողանա անել այն, ինչը ես ժամանակի առումով չեմ հասցրել իրականություն դարձնել և դա կլինի բոլորիս հաջողությունը, իմ ընկերոջ ու մարզի հաջողությունը: 

 

Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ իրականացնել:


-Ժամանակը ցույց կտա, մարդը պետք է աշխատի, իմ ցանկությունն է, որ կարողանա, քանի որ դա բոլորիս հաջողությունն է:

 

Ո՞ր առավելության համար են Արթուր Խաչատրյանին Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակում:


-Չգիտեմ... Որոշումը գերագույն մարմինն է կայացրել: Չեմ կարծում, որ առավելության համար են նշանակում: Ես մտածում եմ, որ ինձ այլ աշխատանքի են տեղափոխում, դա է պատճառը: Երբ մարզպետի պաշտոնից առաջ այլ պաշտոն էի զբաղեցնում, նշանակեցին մարզպետ, հիմա էլ այլ աշխատանք են առաջարկում:

 

Ավելի՞ բարձր աշխատանք են առաջարկում:


-Առաջարկեն՝ կտեսնենք: Կարևորը՝ կարողանամ պատվով կատարել պարտականությունները, մնացածը երկրորդական է:

 

Սոնա Հարությունյան