Մշակույթի ոլորտում կոչումների հարցը մշտապես կա ու մնում է չափազանց  վիճելի խնդիրներից մեկը: Խնդիրն այդ իրականում ծագում են հայաստանյան իրականությանը բնորոշ իրողություններից. մեր երկրում արդարությունը վաղուց մահամերձ վիճակում է հայտնվել, ինչն, ինքնըստինքյան,չի կարող չազդել մարդկային գործունության բոլոր բնագավառների վրա, այդ թվում և մշակութային ոլորտի: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, խոսելով վերջին օրերին բավական թեժ քննարկումների ու վեճերի տեղիք տված պարգևատրումների ու կոչումների թեմայով, փորձելով հիմնավորել բարձրացած աղմուկը՝ կարծիք է հայտնել, թե այդ աղմուկի, քննադատությունների, «չմահավանության» բուն պատճառը տարրական նախանձն է: «Բոլորին թվում է՝ իրենք վաստակավոր են, բայց վաստակավոր են նրանք, ովքեր ստանում են»,- հայտարարել էր Ամիրյանն ու այդպիսով հարցը փակել:

Այն, որ հատկապես մշակութային գործիչների, բեմի մարդկանց միջև մշտապես եղել է ու այժմ էլ գոյություն ունի մրցակցություն, այն, որ երևույթն այդ բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր երկրներին,  անհերքելի փաստ է:  Հարցը, սակայն, այստեղ այն է, թե որքանով կարող է օբյեկտիվորեն գոյություն ունեցող մրցակցությունը հիմք հանդիսանալ՝ հայտարարելու, թե մարդիկ բացառապես չար զգացողությունից ելնելով են քննադատում, ինքնահաստատման հետ խնդիրներ ունենալու արդյունքում է, որ վիճարկում են ոմանց վաստակավորի կոչում ստանալու իրողությունը: Մի՞թե Արմեն Ամիրյանը կարող է հաստատապես պնդել, որ այն ստեղծագործողներն, ովքեր վաստակավորի կամ ժողովրդականի կոչում չեն ստացել, իրոք, օբյեկտիվորեն չունեն արժանիքներ նման կոչումներ ունենալու, կամ արդյոք մարդու վաստակավոր գործիչ լինելը բացառապես որոշվում է կոչում ստանալով-չստանալո՞վ: Համաձայնե՛ք, որ ոչ բոլոր վաստակավորներն են միմյանց համահավասար. իրականում կոչում շնորհելը մեզանում վաղուց վերածվել է ինչ-որ մեկի խաթրն առնելու միջոցի:

Իհարկե, վստահաբար՝ Արմեն Ամիրյանն այս ամենի մասին շատ լավ գիտի, հրաշալիորեն տեղյակ է ժամանակակից մշակույթի բոլոր նրբություններին,սակայն ելնելով իրավիճակից՝ ստիպված է նման բաներ հայտարարել, ինչը, պետք է խոստովանել, հօգուտ իրեն չէ,որ խոսում է. մարդը շատ հեշտորեն ադապտացվեց հայաստանյան ռեալներին ու հասկացավ՝իշխանություն ունենալը «հանաք» բան չէ.կան խաղի կանոններ,որոնցով պետք է խաղան բոլորը,ու հիմա խաղում է…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ