«Առաջ, հանրապետություն» նախագահական շարժումից թեկնածուները հաղթանակ են տարել Ազգային ժողովի՝ Ֆրանսիայի սահմաններից դուրս 11 ընտրատարածքներում անցկացված ընտրությունների առաջին փուլում: Նրանք առաջատարն են դրանցից տասում: Այդ մասին վկայում են հանրապետության ԱԳ նախարարության հրապարակած տվյալները: Արտերկրում քվեարկության առաջին փուլը հունիսի 3-4-ը տեղի Է ունեցել 11 ընտրատարածքում: Արտասահմանում ապրող Ֆրանսիայի քաղաքացիները կարող Էին քվեարկել 717 ընտրական տեղամասերում: Երկրի ԱԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 19,1 տոկոս:

Արտերկրում ընտրությունների երկրորդ փուլը պլանավորված Է հունիսի 18-ին: Ֆրանսիայում Ազգային ժողովի ընտրությունները նշանակված են հունիսի 11-ին եւ 18-ին: Խորհրդարանն ընտրվում Է մեծամասնական համակարգով. բոլոր կուսակցություններից եւ ընտրադաշինքներից թեկնածուները պայքարում են 577 միամանդատ ընտրատարածքներում: Քվեարկության արդյունքից կախված կլինի այն, թե Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը կկարողանա արդյոք առաջիկա հինգ տարում ունենալ սեփական խորհրդարանական մեծամասնությունը, որի կազմած կառավարությունն ընդունակ կլինի իրագործել նրա քաղաքական ծրագիրը: Հասարակական կարծիքի բազմաթիվ հարցումների համաձայն, «Առաջ, հանրապետություն» շարժումը Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում կարող Է ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը՝ առաջ անցնելով մնացած քաղաքական կուսակցություններից: Այսպես, օրինակ, Opinionway-ի հարցման տվյալներով, որն անցկացվել Է մայիսի 30-ից մինչեւ հունիսի 1-ը, «Առաջ, հանրապետությունը», որը հանդես Է գալիս «Դեմոկրատական շարժում» կուսակցության հետ համատեղ, առաջին փուլում կհավաքի ձայների 29 տոկոսը: «Հանրապետականներ» եւ «Դեմոկրատների եւ անկախների միություն» կուսակցությունների կոալիցիայից աջ կենտրոնամետները կարող են ստանալ ձայների 20 տոկոսը, իսկ «Ազգային ճակատից» թեկնածուները՝ ձայների 18 տոկոսը: Առաջատարների այս խմբին հաջորդում են Ժան Լյուկ Մելանշոնի «Ըմբոստ Ֆրանսիա» շարժումից թեկնածուները, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը, Ձախ արմատական կուսակցությունը եւ ուրիշներ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: