Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը փորձում է ամեն գնով ազատվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներից ու նրանց հարազատներից։ Մարզպետը սկսել է առավել ուշադիր «վերահսկել» նախկին վարչապետի կողմնակիցների գործունեությունը մարզպետարանին ենթակա կառույցներում։ Մասնավորապես՝ Արամայիս Գրիգորյանի ուշադրության կենտրոնում է թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Մարգուշ Միրզոյանը, ով Արարատի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի նախկին պետ Գեղամ Միրզոյանի քույրն է։ Մարզպետ Արամայիս Գրիգորյանը նախ ստուգողներ է ուղարկել դպրոց, ապա համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, այժմ էլ որոշել է լուծարել դպրոցը՝ իբր անբարեկարգ վիճակի պատճառով։ Նշենք, որ թիվ 3 միջնակարգ դպրոցն այս պահին 400 աշակերտ ունի։

Կարծես թե Արարատի մարզում ավարտվում է Աբրահամյանների 20-ամյա դարաշրջանը, իհարկե, նրանք առանց կռվի չեն հանձնվի, սակայն փաստ է, որ անգամ մխչյանցի տարբեր մեծ ու փոքր պաշտոնյաներից են փորձում ազատվել։ Արգամ Աբրահամյանի՝ պատգամավոր դառնալուց հետո ինքնաբերաբար մարզը դատարկվում է Աբրահամյանների կլանից․ պակասում են նրանց վարչական լծակները, մնում է միայն հեղինակային ազդեցության իրավունքը, որը խարխուլ հող է իշխանությունը մարզում պահելու համար։ Հովիկ Աբրահամյանի վերջին հույսը մնացել է որդին, քանի որ ովքեր կարող էին փախչել Աբրահամյաններից, արդեն փախչում են, ովքեր սատարում էին, արդեն գործազուրկ են։ Աբրահամյանի պոտենցիալ վերադարձը մեծ քաղաքականություն՝ կարող է իրականություն դառնալ Արտաշատում սպասվող ՏԻՄ ընտրությունների միջոցով: Մինչդեռ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ ընտրությունների օրը կարող է փոխվել: Հետաքրքիր է, որ քաղաքապետի ընտրության հնարավոր հետաձգման մասին խոսակցությունը ծավալվում, ազդակը հղվում է այն բանից հետո, երբ նախկին վարչապետ եւ նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հայտարարել էր, որ հայրը պատրաստվում է իր թեկնածուին առաջադրել քաղաքապետի ընտրությանը, եւ, այսպես ասած, ազգակցական շրջանակում որոշումն արդեն կայացված է: Դրանից հետո ահա պարզվում է, որ իշխանությունը մտադիր է հետաձգել ընտրությունը, քանի որ մինչեւ հունիսի 18-ն ընկած ժամանակը չի բավարարում: Հազիվ թե կասկած լինի առ այն, որ ցանկության եւ անհրաժեշտության դեպքում իշխանությունը կհասցներ ամեն ինչ կազմակերպել այնպես, որ ընտրությունը տեղի ունենար հունիսին, եւ Արտաշատի քաղաքապետի հարցը բաց չմնար մինչեւ նոյեմբեր:

Այդուհանդերձ, Արտաշատում իրավիճակը հետաքրքիր է, քանի որ այստեղ ներկլանային, ներիշխանական դիմակայություն է: Այդ համատեքստում է ուշագրավ, որ թեկնածու առաջադրելու մասին Հովիկ Աբրահամյանի փաստացի հայտարարությունից հետո իշխանությունը հայտարարում է ընտրությունը հետաձգելու հավանականության մասին: Ո՞ւմ է դրանով տրվում ժամանակ շահելու եւ պատրաստվելու հնարավորություն՝ Հովիկ Աբրահամյանի՞ն, թե՞ իշխանությունն ինքն է իր համար ժամանակ շահում Հովիկ Աբրահամյանի հետ, այսպես ասած, դիմակայությանը պատրաստվելու համար: Աբրահամյանն օրեր առաջ հայտարարել էր, որ քաղաքականության մեջ է, զբաղվում է հայապահպանությամբ: Արտաշատի քաղաքապետի պաշտոնը պահպանելը նա, ըստ ամենայնի, համարում է հայապահպանության կարեւոր հանգրվան: Չնայած Աբրահամյանը հեռացված է իշխանությունից, այդուհանդերձ՝ նա Արարատի մարզում, իհարկե, տնօրինում է որոշակի ռեսուրսների, եւ Արտաշատի քաղաքապետի պաշտոնը, գոնե առայժմ, նրա քաշային կատեգորիայից է, եթե, իհարկե, իշխանությունը սկզբունքային խնդիր չդնի կենտրոնական մակարդակով կամ պարզապես Սերժ Սարգսյանի մակարդակով խոչընդոտելու դրան: Իսկ այդպիսի խնդրի հավանականությունը հարաբերական է, եւ ամենեւին աներկբա չէ, որ Սերժ Սարգսյանը սկզբունքորեն կարող է դնել նման խնդիր: Հետեւաբար, չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանին տալիս են լավ պատրաստվելու ժամանակ, որովհետեւ ՀՀԿ-ն երեւի թե պատրաստվելու ժամանակ ուներ: Ինչի՞ համար է Հովիկ Աբրահամյանը պետք Սերժ Սարգսյանին: Սա հարց է, որի կոնկրետ պատասխանն առայժմ չի նշմարվում: Կա հռետորական պատասխան. Սերժ Սարգսյանը նախագահության տասը տարիների ընթացքում ցույց է տվել, որ ներքաղաքական որեւէ սուբյեկտի չի դիտարկում վերջնականապես «անպետք»:

Քաղաքականության ինտրիգների ու վայրիվերումների մեծագույն վարպետ Հովիկ Աբրահամյանը բոլորից լավ է հասկանում, որ ստվերում մնալով՝ կնքելու է իր քաղաքական կարիերայի մահկանացուն, քանի ուզենք-չուզենք՝ առաջիկա գոնե մեկ տարում քաղաքական գործընթացները ղեկավարվելու են մեկ մարդու կողմից, եւ այդ մարդը Սերժ Սարգսյանն է: Հովիկ Աբրահամյանը բոլոր երեք նախագահների պաշտոնավարման շրջանում հաջողացրել է մնալ իշխանության մեջ, ավելին՝ վերընթաց կարիերա է արել՝ հասնելով վարչապետի պաշտոնին, որին այդպես ձգտում էր, բայց որտեղ իրեն, ի վերջո, մեղմ ասած՝ չդրսեւորեց ու անցյալ տարվա սեպտեմբերին պաշտոնանկ արվեց՝ պաշտոնը զիջելով գործող վարչապետ Կարեն Կարապետյանին: Շատ հնարավոր է, որ Հովիկ Աբրահամյանը չկարողացավ թոթափել նեղացածությունը, ինչպես այն «աստղային ֆուտբոլիստները», որոնք խիստ վրդովվում են, երբ մարզիչն իրենց առաջին խաղակեսից հետո փոխարինում է, և այժմ պատրաստվում է գնալ վա բանկ:

 

Ստելլա Խաչատրյան