ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության և ինչպես դատական իշխանության, այնպես էլ` այլ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր: Այսօր նման հաղորդագրութամբ հանդես եկավ Դատախազությունը: 

Խոսվեց այն մասին, որ ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահը և նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, սակայն Դատախազության հաղորդագրությունում ասվում է, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին և դատավոր Վ. Վարդանյանին կաշառք ստանալու համար որպես մեղադրյալ ներգրավելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ Նախագահին առաջարկ ներկայացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազը 05.06.2017թ. միջնորդությամբ դիմել է Արդարադատության խորհրդին, որի՝ նույն օրվա որոշումներով՝ Ա. Պետրոսյանի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «ԱՎԵՆՅՈՒ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ ԳՐՈՒՊ» խորհրդատվական ընկերության գործընկեր, փաստաբան Հովհաննես Չամսարյանն ասաց, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը ձերբակալված չեն:

«Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին ներկայացված Արդարադատության խորհրդի առաջարկը Հանրապետության Նախագահը քննում եւ որոշում է կայացնում երկօրյա ժամկետում: Եթե նշված ժամկետում հանրապետության Նախագահը չի տալիս իր համաձայնությունը, ապա Արդարադատության խորհրդի առաջարկը համարվում է մերժված»,- ասաց նա:

Մեր զրուցակից իրավաբանը նկատեց նաև, որ քանի դեռ չկա Հանրապետության նախագահի համաձայնությունը, որին չի հետևել համապատասխան դատավարական գործողություններ, այդ դատավորները որևէ կարգավիճակ չունեն։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում էլ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ գործով միայն այլ մանրամասներ լինելու դեպքում ՀՔԾ-ն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ: