Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցությունն իրականում հասարակության մեջ փոքրամասնություն է ընկալվում, բայց իրեն այնպես է պահում, ասես սահմանադրական մեծամասնություն է և վայելում է հասարակության սերն ու գորովանքը:

Այս մասին Civilnet.am–ի հետ զրույցում հայտարարեց McKinsey խորհրդատվական ընկերության ՌԴ և ԱՊՀ երկրներում արդյունաբերության գծով տնօրեն Ավետիք Չալաբյանը:

Նախորդ ընտրություններում ձևավորված հարաբերակցությունը չի արտահայտում հասարակության մեջ եղած ուժերի իրական հարաբերակցությունը և այդ մեծամասնությունը բնավ չունի մեծամասնություն հասարակության շրջանում:

«Եվ դրանով հանդերձ ՀՀԿ–ն, որ իրականում փոքրամասնություն է, կես տարվա ընթացքում նենց էր իրեն պահում ասես ունի հասարակության սերն ու գորովանքը»,- ասաց Ավետիք Չալաբյանը:

Ըստ նրա՝ արհեստական ձևավորված մեծամասնությունը պետք է լինի շատ ավելի կոմպրոմիսային:

«ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի կոշտ դիրքորոշումը, որը անընդհատ է, բերում է նրանք, որ ձեր ընդդիմախոսները ևս կոշտանում են: Եվ որ հիմա մարդիկ հրապարակում են, դրա արդյունքն է: Ինչքան կարելի է ասել՝ մենք լուրջ ենք, դուք անլուրջ եք, մենք ճշմարտությունն ենք, դուք անլուրջ եք»,- ասաց McKinsey ընկերության ներկայացուցիչը:

Հետադարձ հայացք նետելով այս խորհրդարանի ձևավորմանը, նշեց, որ դրան նախորդած ժամանակահատվածում միայնակ տանելով պաշտոնական քարոզարշավը, Սերժ Սարգսյանն իր անձի վրա կենտրոնացրեց «նեգատիվը»: