Հայաստանում կրթական դիպլոմներ վաճառելու աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Այս անգամ իրավապահները բացահայտել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիպլոմի վաճառքի նոր դեպք:

Դիպլոմները վաճառվել են ՀՀ ՊՆ զինվորականներին, որպեսզի դրանք ՊՆ-ին ներկայացնելով՝ կարողանան զինվորական բարձր կոչումներ ստանալ: Դեռևս այս տարվա սկզբին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր կեղծ դիպլոմներ վաճառելու աղմկահարույց մի քանի դեպք: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող ոչ պետական ԲՈւՀ-երի ռեկտորները կեղծ դիպլոմներ էին վաճառել ուսանողներին: Նրանց մեջ էին եղել նաեւ օտարազգի մի շարք ուսանողներ, որոնք իբրեւ թե եկել են Հայաստան եւ իրավաբանի, բժշկի կրթություն ստացել: Բայց իրավապահները բացահայտել էին, որ քաղաքացիներին տրամադրված դիպլոմները կեղծ են եղել եւ ռեկտորներն էլ հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Սակայն, բանից պարզվում է՝ Հայաստանի պետական ԲՈւՀ-երի պաշտոնատար անձինք եւս դիպլոմներ են վաճառում:

Մինչ հայաստանյան կրթական համակարգը գահավիժում է կոռուպցիոն անդունդը, նախարարը մանկան անմեղությամբ փորձում է փրկել իր և իր ղեկավարած կառույցի դեմքը: Նախորդ սկանդալից հետո Լևոն Մկրտչյանը ոչ ավել, ոչ պակաս՝ հայտարարել էր՝ «Մենք աշխատում ենք, ունենք լավ բուհեր ոչ պետական համակարգում, եթե այդպիսի դեպքեր էլ լինում են, դրանք եզակի դեպքեր են, որովհետև ի վերջո, կեղծ վկայականներ տալը շատ հեշտ է բռնվում, շատ հեշտ է բացահայտվում»: Թերևս նախարարն ինքն իրեն սփոփում է, հույս տալիս, դե, դեպլոմ է էլի, կտան՝ մենք էլ հեշտությամբ կբռնենք, իսկ արդյո՞ք նախարարությունը պատրաստվում է ի վերջո համակարգված կերպով պայքարել այս երևույթն իսպառ արմատախիլ անելու համար, թե՞ բուժելն ավելի հեշտ է, քան կանխարգելելը: ԿԳՆ հանցավոր անգործության արդյունքում աշխատաշուկայում հայտնվում են փինաչի բժիշկներ և անգրագետ իրավաբաններ, դա էլ դեռ քիչ էր, վերջին բացահայտումներն ավելի «պայծառ» ապագա են խոստանում բոլորիս. ունենալու ենք կեղծ դիպլոմների հիման վրա սպայական կոչումներ ստացած զինվորականներ, որոնք վաղը մյուս օրը, Աստված մի արասցե, բանակում որոշումներ կայացնող են լինելու:

Բացի այդ, նախորդ դեպքերից հետո ԿԳՆ-ն փորձեց իր թերացումները կոծկել ԲՈՒՀ-երի մասնավոր լինելու հանգամանքով: Տրամաբանությունը հետևյալն էր՝ մասնավոր ԲՈՒՀ է, մի եզակի դեպք էլ կարող է արձանագրվել, վերահսկողությունից կարող էին դուրս մնալ: Հետաքրքիր է՝ հիմա ի՞նչ պատճառաբանություն են մոգոնելու ոլորտի պատասխանատուները, երբ նույնանման սկանդալի կիզակետում է հայտնվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը: Այստե՞ղ էլ չէիք կարող վերահսկել: Նախարարւթյան իմիջիայլոց վերաբերմունքը և այս երևույթները գալիս են փաստելու, որ իրականում բազմափորձ նախարարի պաշոնավարման վերջին ամիսներն՝ ամենևին էլ սահուն չեն անցել, ու համակարգը, փոխարենն ազատվելու ավելորդություններից ու բարեփոխվելու, հետզհետե է՛լ ավելի է մխրճվում բյուրոկրատական ու կոռուպցիոն ճահճի մեջ: Միայն այն հանգամանքը, որ ԿԳ նախարարությունը լռություն է պահպանել կեղծ դիպլոմների հետ կապված այս ողջ պատմության ընթացքում, խոսում է այն մասին, որ իրականում այստեղ ամեն բան կարող է և մաքուր չլինել, ու չտեսնել այս ամենում Մկրտչյանի անտարբերության չար հետևանքները, մեծագույն ցանկության դեպքում անգամ անհնար է:

Հասարակության վստահությունը շահելու, նոր խորհրդարանում սեփական հաստատուն տեղը զբաղեցնելու համար շատ ավելի տրամաբանական կլիներ ոչ թե քաղաքական տանիքներ փնտրելն ու չգտնելն, այլ վստահված պաշտոններում սեփական մարդկանց «գյամերը քաշելը»: Դատելով, ասենք, նույն Լևոն Մկրտչյանի ցույց տված արդյունքներից, դատելով այս ամիսների ընթացքում կրթության որակի անկման տեմպերից ու էլի շատուշատ հանգամանքներից` կարելի է պնդել, որ ՀՅԴ-ում դեռևս չեն հասկացել, որ ժողովրդի «աչքը մտնելու» ընդամենը մեկ ճիշտ ձև կա` աշխատանքը. Դաշնակցությունն իրեն բաժին հասած քննությունն, անկասկած, չբռնեց, ու շուտով անխուսափելիորեն քաղելու է այդ ամենի դառը պտուղները: Տեսնենք` դրանից հետո Լևոն Մկրտչյանն ինչ է անելու…

 

Ստելլա Խաչատրյան