Հետընտրական Հայաստանի ներքաղաքական կյանքում կարծես նոր տենդենցներ են ի հայտ գալիս. արտախորհրդարանական ուժերը փորձում են ակտիվ դերակատարում ունենալ երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ հանգամանք, որը պետք է միանշանակորեն դրական գնահատել, քանի որ ակնհայտ է՝ 6-րդ գումարման Ազգային ժողովը չի կարող լիարժեքորեն արտահայտել հասարակության ամենալայն զանգվածների շահերը՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, որոնցից ամենաառաջինը, թերևս, ԱԺ-ում տեղ գտած ընդդիմադիր ուժերի անհամաչափությունն է իշխանական ուժերի նկատմամբ: Խնդիրն այս, թերևս, է՛լ ավելի է սրվում՝ պայմանավորված հատկապես «Ծառուկյան» դաշինքի անհասկանալի բնույթով, երբ դե յուրե՝ այս քաղաքական ուժը հռչակված է ընդդիմադիր, իսկ դե ֆակտո՝ իր գործունեությամբ այնքան էլ չի համապատասխանում ընդդիմադիր հասկացությանը. այսօր ԱԺ-ում «Ելք»-ը թերևս միակն է, որ հանդես է գալիս իրական ընդդիմադիր դիրքերից:

Իսկ ասվածում համոզվելու համար հարկավոր է ընդամենն աչքի անցկացնել, ասենք, 6-րդ գումարման ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությունները, որպեսզի պարզ դառնա, որ մոտ 420000 ձայն հավաքած ու ինքն իրեն ընդդիմադիր ներկայացրած քաղաքական ուժն այսօր լիարժեքորեն չի արտահայտում հասարակության ընդդիմադիր հատվածի շահերը. թե՛ ԱԺ նախագահի ընտրության աղմկահարույց պատմությունը, երբ պարզվել էր, որ քվեարկությանը մասնակցած 105 պատգամավորներից 88-ը քվեարկել էր ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի օգտին, թե՛, ասենք, ԱԺ փոխնախագահների  ընտրության օրը գրանցված քվեարկությունների արդյունքները (դիցուք՝ Էդուարդ Շարմազանովի թեկնածությանը կողմ էր քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 13-ը, անվավեր էր ճանաչվել 3 քվեաթերթիկ այն դեպում, երբ քվեարկությանը մասնակցած պատգամավորների ընդհանուր թիվը 100-ն էր), թե՛ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը, և թե՛ այլ շատ ու շատ փաստեր ու հանգամանքներ՝ առաջ են բերում շատ կոնկրետ հարցեր. օրինակ՝ այսքանից հետո կարելի՞ է «Ծառուկյան» դաշինքը համարել ընդդիմադիր խորհրդարանական ուժ, թե՝ոչ:

Հաշվի առնելով այն, որ ներկայիս Հայաստանի հասարակության գերակշիռ մեծամասնությունը հիմնականում ընդդիմադիր հայացքների կրող է՝ համաձայն չլինելով իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, ակնհայտ է դառնում, որ միայն ԵԼՔ-ի ներկայությունը խորհրդարանում՝ չի կարող բավարար համարվել՝ հասարակության շահերը լիարժեքորեն ներկայացնելու համար, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ արտախորհրդարանական ուժերի՝ միասնական ճակատով հանդես գալը դառնում է անհրաժեշտություն:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը, հունիսի 7-ի իր հարցազրույցում խոսելով հետագա գործունեության մասին, հայտարարել էր, որ խորհրդարան չանցած քաղաքական ուժերը պետք է իշխանություններին լսելի դարձնեն հասարակության ձայնը՝ չբացառելով ԱԺ-ից դուրս տեղի ունենալիք զարգացումները. լայն ընդդիմության ձևավորումը հնարավորություն կտա իշխանությունների վրա ազդելու:

Այսպիսով՝ պետք է ամրագրել այն, որ առաջիկայում արտախորհրդարանական ուժերն ակտիվորեն փորձելու են վճռորոշ դեր խաղալ ներքաղաքական կյանքում ու դառնալ հասարակության խոսափողն իշխանությունների առաջ: Բայց անկասկած է նաև այն, որ իրական արդյունքներ գրանցելու ու կենսունակ լինելու համար հարկավոր են լինելու միանգամայն նոր ուժեր, չվարկաբեկված լիդերներ, ովքեր կձևավորեն միանգամայն նոր ու մրցունակ քաղաքական օրակարգ. հներից շատերը, որքան էլ ոմանց համար տհաճ լինի գիտակցելը,  վաղուց սպառվել են ու չեն կարող հավակնել հաղթանակի դափնիներին. հասարակությունն այսօր միանգամայն նոր առաջնոդների կարիք ունի: Մի բան հստակ է ի սկզբանե՝ արտախորհրդարանական ուժերի գործունեությունը պետք է միտված լինի հասարակության ամենաօրհասական խնդիրների լուծմանը, այլ ոչ թե պարզ իմիտացիա հանդիսանա: Իսկ սրան հասնելու համար նոր մոտեցումներ ու թարմ գաղափարներ են անհրաժեշտ. հին մոտեցումներով այլևս առաջ չես գնա:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ