ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շատ բնական է համարում ԱԺ-ում այսօր քննարկվող նախագծերի վերաբերյալ հնչող տարատեսակ կարծիքները: Ըստ փոխնախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չկա ընդդիմություն և իշխանություն, և սա այն հարցն է, որի վերաբերյալ բոլորը պետք է ունենան հստակ տեսլական. 

 

«Այս տարիների մեր գործունեությունը ցույց է տվել, որ իշխանությունը կամք ունի պայքարելու կոռուպցիայի դեմ և դրա լավագույն ապացույցը բերված օրենսդրական նախաձեռնություններն են»,-նշեց փոխնախագահը:

 

Հետաքրքրական է, որ Էդուարդ Շարմազանովն իր այս ելույթով կարծես թե կրկնօրինակում է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հարց տալ ու ինքն հարցին պատասխանելու սովորությունը.

 

-Կարիք կա՞ կասկածելու, որ կոռուպցիայի դեմ պայքարը կօգտագործեն դիվիդենտներ շահելու համար:


-Իհա՛րկե կա:

 

-Ունի՞ իշխանությունը քաղաքական կամք:


-Կարծում եմ՝ ունի: ֆիքսում ենք: (հեղինակային իրավունքը՝ Կարեն Կարապետյանի,-խմբ.):

 

-Օրենսդրական նախաձեռնությունները պե՞տք է շարունակական լինեն:


-Միանշանակ:

 

-Պատրա՞ստ ենք լսելու ընդդիմության կարծիքները:


-Միանշանակ:

 

Եվ վերջում, անդրադառնալով ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի բոցաշունչ ելույթին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայապահպանման լավագույն տարբերակն է հետևել օրենքներին և աշխատել ՀՀ Սահմանադրության և  ՀՀ օրենսդրության սահմաններում: