Հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում Իրանի խորհրդարանի տարածք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա: Ահաբեկիչները համանման ակցիա են իրականացրել իմամ Խոմեյնիի թանգարանում: Կան զոհեր և վիրավորվածներ:

Թե ինչ մեսիջ էր ուղղված Իրանին, ովքեր են կանգնած ահաբեկչությունների ետևում, այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ: 

«Բարդ է ասելը, թե ինչի հետ է կապված Իրանում տեղի ունեցածը: Կանխատեսումների և մեսիջների առումով՝ որևէ բան ասելը դժվար է, քանի որ պետք է նորմալ հասկանալ՝ ինչ է կատարվել, քանի հոգի է զոհվել, ինչ է ընդհանրապես տեղի ունեցել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գործընթացը դեռ շարունակվում է և քիչ առաջ ևս մեկ պայթյուն որոտաց խորհրդարանի 5-րդ հարկում:

Իրանագետի կարծիքով՝ մի քանի պայթյունների պատճառով Իրանը չի ընկճվի և կշարունակի բնականոն կյանքով ապրել. «Շատ շուտով իրանական կողմը հսկողությունը վերցնելով իր ձեռքը, կանցնի առօրյա կյանքին: Կարծում եմ՝ արդեն վերցրել են, քանի որ հայտարարություններ եղան ինչպես խորհրդարանի նախագահի, այնպես էլ ղեկավարների կողմից»,- նշեց նա:

Սոնա Հարությունյան