Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ ՀԷՑ-ը, որոշել է արտադրվող էլեկտրաէներգիայի կորուստները կրճատել: Այս նպատակով ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ՌԴ-ում գրանցված իր ընկերություններից մեկի միջոցով նպատակ ունի որոշ ենթակայաններ վերակառուցել:

Կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում ներառված որոշման նախագծով՝ նախատեսվում է Ռուսաստանում գրանցված «Կասկադ-Էներգո» ՍՊԸ-ին լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալ: Թե խոսքը ինչ ծավալի ներդրումների մասին է, կառավարության որոշման նախագծում չի նշվում: Հատկանշականն այստեղ այն է, որ փաստացի Սամվել Կարապետյանին պատկանող ընկերություններից մեկը ներդրում է կատարելու նրան պատկանող մեկ այլ ընկերությունում՝ ապահովելով կառավարության խոստացած ներդրումային ծրագրերի իրագործման խոստումը : Քանի որ Սամվել Կարապետյանը միաժամանակ համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնադրած ներդրողների ակումբի հիմնադիրներից մեկը, ապա սա թերևս կարող է մատուցվել իբրև այդ ակումբի կենսունակութան առաջին ծիծեռնակներից մեկը: Այլապես Սամվել Կարապետյանը կարող էր շատ հանգիստ, առանց հավելյալ լիցենզիայի, ՀԷՑ-ի միջոցով հիշյալ ենթակայանների վերակառուցման աշխատանքներն իրագործել: Բայց այս դեպքում դա չէր դիտվի իբրև ռուսական նոր ընկերության ներդրում:

Ներդրողների ակումբը գործում է արդեն բավական երկար ժամանակ, սակայն գործում է միայն թղթի վրա: Իրականում՝ հայտնի չէ, թե ով և որքան ներդրում է կատարել այս ընթացքում մեր տնտեսության զարգացման համար: Դառը իրականությունն այն է, որ տնտեսության վերակենդանացման գործընթացը կարծես թե փակուղի է մտել. չկա խոստացված տնտեսական աճը, հետևաբար, նվազում է նաև կառավարության աշխատանքների հանդեպ հանրային վստահության մակարդակը: Ներդրումները կապելով ոչ թե Հայաստանի ամբողջական իշխանության, այլ անձամբ վարչապետի անձի հետ՝ ռուսաստանահայ գործարարներն անուղղակի ասում են, որ պատրաստ են կառավարությանն աջակցել միայն այն դեպքում, եթե Կարապետյանը շարունակի այդ պաշտոնում իր գործունեությունը, այսինքն դե յուրե ստանձնի Հայաստանի ղեկավարումը: Նախկին վարչապետներից ոչ մեկը Ռուսաստանի կողմից նման միանշանակ աջակցություն չի վայելել: Սա ուժեղ խաղաթուղթ է Կարեն Կարապետյանի ձեռքին՝ խանգարելու իրենից «քավության նոխազ» կամ ֆիգուրի անհրաժեշտ զոհ դարձնելու սերժսարգսյանական քայլերը:

Սակայն, Հայաստանյան կառավարման համակարգի առանձնահատկությունն այն է, որ ամենաթույլ օղակը վարչապետն է, որին, առկա բազմաթիվ հիմնախնդիրների և դրանց դեմ կառավարության փաստացի անկարողության ֆոնին կարելի է հեշտությամբ վարկաբեկել և «շարքից հանել»: Կարեն Կարապետյանն այս առումով ևս չափազանց խոցելի է՝ հաշվի առնելով, որ չնայած բազմաթիվ կոսմետիկ նախաձեռնություններին, համակարգային առումով Հայաստանում ոչինչ փոխել չի կարողանում, և դա օբյեկտիվ է, քանի որ այդ համակարգը ոչ թե վարչապետի, այլ բացառապես քաղաքական իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած գործող նախագահի ազդեցության տիրույթում է:

Ստելլա Խաչատրյան